Ստամբուլում հայ գրականության մասին գիրք կհրատարակվի
Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը նշում է հիմնադրման 20 ամյակը և հատուկ այդ առիթվ պատրաստվում է հրատարակել իր 140-րդ գիրքը, որի անունն է «Ժամանակակից հայ գրականություն»:
Թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը գրում է, որ գրքի հեղինակն է հայտնի ակադեմիկոս, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը, որի մեծածավալ աշխատանքը անգլերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 13 տարի առաջ: Չնայած դրան, գիրքը շարունակում է մնալ հայ գրականության գլխավոր ձեռնարկներից մեկը:
«Ժամանակակից հայ գրականություն» գիրքը լույս է սփռում 1500 տարի և ավելի գրավոր պատմություն ունեցող հայ գրականության վերջին 500 տարիների վրա: Գիրքը ներկայացնում է 16-րդ դարից մինչև 1990-ական թվականները հայ գրականության զարգացման ուղին սոցիալական , մշակութային, կրոնական քաղաքական զարգացումների համատեքստում:Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Գրքի առաջին մասում տեղ են գտել շուրջ 150-ից ավելի գրողների ստեղծագործությունների վերաբերյալ արժեքավոր վերլուծություններ: Երկրորդ մասում մեկտեղվել են մոտ 400 գրողների կենսագրությունները, ստեղծագործությունները, օտար լեզուներով թարգմանված գրքերը և դրանց բոլորի վերաբերյալ քննադական հոդվածները:
Ըստ Վահե Օշականի՝ «Ժամանակակից հայ գրականությունը» իր բնագավառում միակն է և արևելյան ու արևմտյան հայ գրականության, ցեղասպանությունից հետո գրականության վերաբերյալ բազմակողմանի և խորը ուսումնասիրությունների և հետազոտությունների համար չափազանց օգտակար աղբյուր կարող է լինել:
Ըստ թուրքական կայքի՝ «Արաս» հրատարակչության կողմից իր 20-ամյա գործունեության առիթով նման գիրք հրատարակումը կլրացնի թուրքերեն գրականության մեծ բացը: Հրատարակչությունը հույս ունի, որ թեմայով հետաքրքրվող թուրք ընթերցողին այս կարևոր գիրքը կխրախուսի ավելի շատ կարդալ, և կբարձրացնի ժողովուրդների մերձեցման գործում գրականության դերը: