ՍԴ-ում այսօր «կենաց-մահու» կռիվ է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 9-ին, կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս դիմումների քննությունը։
ՍԴ-ն որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննել նույն նիստում, քանի որ դրանք վերաբերում են նույն հարցին: Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները վիճարկում են ինչպես խորհրդարան անցած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքները, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» նորաթուխ կուսակցությունները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ դատավարությանը ներգրավվել է որպես երրորդ անձ: Կուսակցության դիրքորոշումը դատարանում կներկայացնի արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, որը, ըստ ամենայնի, արձակուրդ կվերցնի, սակայն սա ևս ընդդիմությունը դիտում է որպես վարչական ռեսուրսի կիրառում։ Երեկ Բադասյանն անուղղակիորեն ցուցումներ է տվել բարձր դատարանին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշելով, որ ընտրություններն անվավեր ճանաչելու «ոչ մի հիմք» չկա։
«Մենք մի կարճ վարժություն կարող ենք անել, կարող ենք բացել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ, թե ինչ գնահատական է տրվում ընտրություններին, և համեմատել 2017 թվականին կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ: Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ: Օրինակ՝ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների մասին, այդ թվում՝ ընտրատեղամասերում: Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի գնահատականներ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետև սա իշխանության ձեռքբերումը չէ, ընդդիմության ձեռքբերումը չէ, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- ասել է նա։
Ու թեև նախարարը վկայաբերում է միջազգային կառույցի գնահատականը և պարծենում, որ վարչական ռեսուրսի չարաշահման մասին տող չկա, սակայն անհերքելի փաստ է, որ նախընտրական քարոզչության ժամանակ հոգեբանական հարկադրանքի մեթոդներ և բռնության կոչեր են հնչել «Քաղպայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուի կողմից, և այդ փաստը հաստատվել է վարչական դատարանի վճիռներով՝ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցության ներկայացրած դիմումի քննության արդյունքում։
Նախկինում բոլոր ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի թիմակիցները ևս միջազգային կառույցների զեկույցներն էին հպարտորեն ծածանում և ընդդիմության բերանը փակում օտարների գնահատականներով, քանի որ, որպես կանոն, հայտարարում էին, որ, անկախ խախտումներից, ընտրությունները «մեկ քայլ առաջ էին»։
«Բադասյանին թողնենք, կասի՝ հիմա մենք ամենաժողովրդավար երկիրն ենք։ Մեկն էլ կար, որ ասում էր, թե հիմա Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, և ինչ՝ այդպե՞ս է»,- երեկ ի պատասխան այն հարցին, թե Բադասյանն ասում է, որ որևէ հիմք չկա ընտրությունները չեղարկելու, մեզ հետ զրույցում հակադարձեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Հենց նա է ներկայացնելու ՍԴ-ում ՊՈՒ դաշինքի դիմումը։ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել իրենց դիմումի բովանդակությունը, թե ինչ հիմքերով են վիճարկում ընտրությունները։ «Որևէ դատական նիստից առաջ սկզբունքորեն չեմ ներկայացնում իմ փաստարկները»,- ասաց նա՝ վստահեցնելով միայն, որ դրանք հիմնավոր են։ «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ես կասկածների հիման վրա պետք է պնդումնե՞ր անեմ»։ Իսկ իրենց և «Հայաստան» դաշինքի ներկայացրած հիմքերը համընկնո՞ւմ են։ «Անկեղծ, ես չեմ տեսել «Հայաստան» դաշինքի դիմումը»։ Սակայն, ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, ՊՈՒ-ն մեկ պահանջ է ներկայացրել՝ ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։ «Մենք ընդամենը մեկ պահանջ ենք ներկայացրել՝ անվավեր ճանաչել արդյունքները»։ Իսկ ավելի իրատեսական չէ՞ ՍԴ-ից պահանջել, որ մանդատները բաշխելու գործընթացը վերանայելու որոշում ընդունեն, քան արդյունքներն ամբողջությամբ չեղարկելու։ «Մենք կարծում ենք, որ սա Հայաստանի ապագայի հարցն է, և ճիշտը չեղարկելն է»։
Այդուհանդերձ, Հարությունյանը «մեծ» ակնկալիքներ չունի ՍԴ-ից․ «Բայց դա չի նշանակում, որ ես չպետք է գնամ և ներկայացնեմ իմ մոտեցումներն այնպես, ինչպես պատկերացնում եմ»։ Իսկ թե ինչու ակնկալիքներ չունի, Հարությունյանը չմանրամասնեց․ «Կան պատճառներ։ Բայց կրկնում եմ՝ դա ամենևին չի նշանակում, որ չպետք է ամենայն հարգանքով գնալ և ներկայացնել դիրքորոշումը»։
«Հայաստան» դաշինքը, հիշեցնենք, ակնկալում է, որ ՍԴ-ն կիրացնի իրենց կողմից պահանջվող 3 որոշումներից որևէ մեկը. անվավեր կճանաչի ընտրության արդյունքները կամ անվավեր կճանաչի և կնշանակի ընտրության երկրորդ փուլ, կամ կսահմանի մանդատների բաշխման կարգ։ Սակայն որոշ տեղեկություններով՝ դաշինքում առավել իրատեսական են համարում երրորդ պահանջի բավարարումը, քանի որ այս իշխանությունների պարագայում առաջին երկուսը խիստ անիրատեսական են։ Թեև ունեն ապացույցներ, բայց քաղաքական իշխանությունը ՍԴ-ին դա թույլ չի տա։
Հիշեցնենք, որ օրերս Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովում մանրամասն ներկայացրել էր իրենց ապացույցները։
«Ընտրություններին մասնակցել է մոտ 1 մլն 280 հազար մարդ, որոնցից 109 հազար 618-ի անձնագրերը չեն «աշխատել»։ Այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում. ընտրատեղամասում նստած մասնագետն ստեղնաշարով պարզապես մուտքագրում է տվյալ։ Հարց է առաջանում` իսկ կարո՞ղ է այդ մասնագետն ուղղակի մեկ այլ անձի տվյալ է լրացրել՝ կարող է։ Այդպես բազմաթիվ դեպքերում լրիվ ուրիշ անձանց տվյալներ են լրացվել, ու լրիվ ուրիշ անձինք գնացել-քվեարկել են։ Հնարավոր է, որ հենց այս մեխանիզմով շրջիկ խմբերի բանաձևը պատշաճ կերպով իրացվել է»,- ասել էր նա։ Դաշինքի անդամի խոսքով` այդ թիվը վճռորոշ նշանակություն ունի ընտրություններում։ Ըստ Վարդևանյանի` 23 հազար 790 քաղաքացու դեպքում էլ անձնագիրն «աշխատել» է, բայց լուսանկար դուրս չի եկել։
«Հիմա պատկերացրեք` մեզնից մեկը վստահված անձ է ընտրատեղամասում, ինչպե՞ս ենք վերիֆիկացնելու, թե քվեարկությանը մասնակցածը նշված ա՞նձն է, թե՞ ոչ։ Այդ անձը եկե՞լ է իր անձնագրով, թե՞ պարզապես գիտի` ընտրատեղամասում ում տվյալը կա, դրանով ներկայացել է։ Այս խնդիրն ինչպե՞ս պետք է լուծվեր։ Մինչև քվեարկության օրը պետությունը, ունենալով պարտականություն, պետք է այդ խնդիրները լուծած լիներ»,- ասել է նա։ Վարդևանյանը նաև ընդգծել է, որ 10 հազար 993 ընտրող ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ են, որոնց հնարավոր է` ուղղորդել են։
«Զինծառայողների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը պահվել է գաղտնի, թե ովքեր են ընդգրկված ցուցակում, որ ընտրատեղամասերում են քվեարկելու»,- ասել է նա։ Բացի այդ, Վարդևանյանի խոսքով, կա ընտրություններին մասնակցողների ստորագրությունների ցուցակ, որը մեկ այլ թիվ է ցույց տալիս, մինչդեռ ԿԸՀ-ն լիովին այլ թիվ է հրապարակում՝ ահռելի տարբերությամբ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։