Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը
Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման պայմաններում մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, համաձայնել հետագայում համագործակցել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ»,- ասել է Քիրբին:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պատրաստ է պահպանել Աֆղանստանում իր զորախմբի ներկայությունը ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պարագայում:
Դրան հետևել էր Մոսկվայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու՝ Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման միջև 2020 թ. Քաթարում ստորագրված համաձայնագրին:
Հիշեցնենք, որաԱմերիկյան ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զորքերի դուրս բերումը դեռ չավարտված իրավիճակը կտրուկ լարվում է Աֆղանստանում. «Թալիբան» շարժումը մեկը մյուսի հետևից բնակավայրեր ու ռազմավարական նշանակության օբյեկտներ է վերահսկողության տակ առնում Աֆղանստանի տարբեր նահանգներում, աֆղանական կառավարական բանակի հազարավոր զինծառայողներ հատել են Տաջիկստանի սահմանն ու ապաստան գտել հարևան երկրում:
Մյուս կողմից, երկրից փախստականների արտահոսքի լուրջ վտանգ է առաջացել. բազմահազարանոց հերթեր են գոյացել Քաբուլում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց՝ արտերկիր մեկնելու վիզաներ ստանալու նպատակով:
Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ սահմանի պահպանության հարցում օգնություն ստանալու խնդրանքով: Նախքան այդ ռուսական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանի պահպանությունն ուժեղացնելու նպատակով, այդ թվում՝ երկրում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի կարողությունների գործադրմամբ: