Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիոյի օլիմպիադային ընդառաջ իր եզրափակիչ հավաքը անցկացնում է Ուկրաինայում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիոյի օլիմպիադային ընդառաջ իր եզրափակիչ հավաքը անցկացնում է Ուկրաինայում։
Կոնչա Զասպայի օլիմպիական բազայում Հայաստանի հավաքականի մարզիկների և մարզիչների հետ այսօր հանդիպեց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր
Կարապետյանը։
Կոնչա Զասպա ժամանած ՀՀ դեսպանին դիմավորեց օլիմպիական բազայի տնօրեն Անդրեյ Կրիլյուկը։ Նա ներկայացրեց բազայի պատմությունը, նկատելով, որ եթե
Ծաղկաձորի օլիմպիական բազան կառուցվել էր 1972 թ․Մեքսիկայի օլիմպիադայից առաջ՝ նախապատրաստելու սովետական մարզիկներին բարձրադիր Մեխիկոյի
պայմաններին, ապա Կոնչա Զասպայի բազան կառուցվել էր 1980 թ․ Մոսկվայի օլիմպիադայից առաջ։ Այսօր էլ այդ բազան ծառայում է որպես Ուկրաինայի բազմաթիվ մարզաձևերի պրոֆեսիոնալ մարզիկների՝ միջազգային մրցումներին
նախապատրաստելու հավաքների վայր։
Հավաքի պայմաններին ծանոթանալուց հետո ՀՀ դեսպանը զրույց ունեցավ Հայաստանի հավաքականի՝ օլիմպիական որակավորում անցած մարզիկների ու մարզիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ուկրաինայի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Մուրադ Սարգսյանը։
Դեսպան Կարապետյանը հաջողություն է մաղթել մարզիկներին և նշել, որ միայն այն փաստը, որ նրանք հաղթահարել են օլիմպիադայի որակավորումը արդեն իսկ մեծ
հաջողություն է: Բայց մեր ըմբիշները հնարավորություն ունեն ևս մեկ քայլ անելու և մենք սպասում ենք վճռական այդ ջանքին: «Մենք բոլորս ձեզանից նորանոր հաջողություններ կսպասենք: Այսօր ձեր հաղթանակները հայ ժողովրդին
պետք են ավելին քան երբեւէ», - ընդգծել է դեսպան Կարապետյանը:
Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի պատվավոր հյուպատոս, Ուկրաինայի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Նորիկ Գևորգյանը։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից ։