Թրամփը Գաղտնի ծառայությանը հաշիվ է ներկայացրել գոլֆի ակումբի սենյակների վարձակալության համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայությանը 10 000 դոլարի հաշիվ է ներկայացրել՝ որպես Բեդմինսթերում Թրամփի գոլֆի ակումբում սեփական թիկնապահների համար սենյակների վարձակալության վճար, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ծախսերի հաշվետվություններին։
Տվյալների համաձայն՝ այն պահից, երբ Թրամփը հեռացել է նախագահի պաշտոնից, հարկատուները հասցրել են ավելի քան 50 000 դոլար վճարել այն սենյակների վարձակալության համար, որոնք Գաղտնի ծառայության գործակալները օգտագործել են նախկին առաջնորդի պաշտպանությունն ապահովելու համար:
Իրավական հարցերով փորձագետները հայտնել են, որ չկան այնպիսի օրենքներ, որոնք արգելում են Թրամփի հաստատություններին վարձավճար գանձել Գաղտնի ծառայությունից՝ ոչ պաշտոնավարման ժամանակ, ոչ դրանից հետո սենյակները զբաղեցնելու համար:
Ավելի վաղ թերթը հաղորդել էր, որ Թրամփը Գաղտնի ծառայությանը ավելի քան 40 000 դոլարի հաշիվ է ներկայացրել՝ իր անվտանգության ծառայության բնակության համար, որը նրան պահպանում է Մար-ա-Լագոյում այն ժամանակվանից, երբ նա հունվարին հեռացավ նախագահի նստավայրից։