Ջոլին Փիթի հետ համատեղ բիզնեսը վաճառելու և գործարար կապերը խզելու նպատակով դատարան է դիմել (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին ցանկանում է խզել գործարար կապերը նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ՝ դատարանին խնդրելով չեղարկել իրենց համատեղ ակտիվների վաճառքն արգելող ժամանակավոր հրամանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Պարբերականը նշում է, որ կարծես 46-ամյա դերասանուհին հատկապես հետաքրքրված է Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող գինու գործարանի վաճառքով:
Ջոլին հույս ունի ապասառեցնել ակտիվները, որպեսզի կարողանա վաճառել ընկերության իր բաժնեմասը՝ դատարանին տեղեկացնելով, որ արդեն գնորդ ունի և գործարք է կնքել նրա հետ: Նա նշել է, որ անհանգստացած է, քանի որ հավանական գնորդը կարող է ետ կանգնել։
Պարբերականը նշել է, որ այս հարցը կարող է ամուսնալուծության գործընթացում գտնվող ամուսինների համար հերթական բախման պատճառ դառնալ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Անջելինա Ջոլին քննադատել էր իր և դերասան Բրեդ Փիթի երեխաների խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ»։ Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին, որը ցանկանում էր հասնել իր երեխաների խնամակալության գործով դատավոր Ջոն Օդերկիրկի որակազրկմանը, նոր դատական հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ դատավորը «նախքան որոշում կայացնելը հրաժարվել է լսել իր երեխաների ցուցմունքները, որոնք կարող էին բխել իրենց իսկ անվտանգությունից և բարեկեցությունից»։
Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան։