Դուբայի նավահանգստում որոտացած ուժգին պայթյունը ցնցել է 24 կմ շառավղով տեղակայված շենքերն ու պատուհանները (տեսանյութ)

Դուբայի Ջաբալ Ալի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունը ցնցել է 24 կմ շառավղով տեղակայված շենքերն ու պատուհանները, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Նավի հրդեհվելը հարվածային ալիք է առաջացրել՝ ցնցելով շենքերը և վախեցնելով բնակիչներին:
Պայթյունի պահը տեսանկարահանել են ավելի հեռվում գտնվող բարձրահարկ շենքերի բնակիչները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Դուբայ էմիրության Ջաբալ Ալի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Դուբայի իշխանությունները նշել են, որ հրդեհը «սովորական պատահար» է եղել, որը բռնկվել է դյուրավառ նյութեր տեղափոխող նավի վրա, ինչի պատճառը, ըստ ոստիկանության, կարող է լինել «շփումը կամ բարձր ջերմաստիճանը»։
Հայտնի է, որ նավահանգիստը Մերձավոր Արևելքում բեռնափոխադրումների ամենամեծ կենտրոնն է, իսկ Դուբայը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում տարածաշրջանի առևտրի, բիզնեսի և զբոսաշրջության կենտրոնը, ինչի համար էլ նավահանգստի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նավերի բնականոն տեղաշարժն ապահովելու համար։
Տեսանյութը՝ այստեղ: