Պատասխանն ակնհայտ է. Լավրովը՝ Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին հարցը, հայտարարել է, որ հարցի պատասխանն ակնհայտ է համարում: Այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային համալսարանում «Ռուսաստանի միջազգային գործունեությունը ռուսական տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Աֆղանստանից Տաջիկստանի վրա զինյալների հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի Դուշանբեին օգնություն տրամադրելու հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա ընդգծել է, որ Աֆղանստանի քաղաքական կյանքի խաթարման հետևանքով ստեղծվում են խորշեր, որտեղ գրոհայիններ են ուղարկվում ոչ թե «Թալիբան» արմատական շարժումից, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից: Միևնույն ժամանակ, «Իսլամական պետությունն» իր զինյալներին նպատակաուղղված տեղաբաշխում է երկրի հյուսիսում ՝ Ռուսաստանի դաշնակիցների հետ սահմանի մոտ, հավելել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տաջիկստանը ՀԱՊԿ դաշնակիցներին կոչ է արել օգնել Աֆղանստանի կողմից եկող մարտահրավերները հաղթահարելու հարցում: Այս համատեքստում, Տաջիկստանի կարծիքով, արդիական է Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունած «Տաջիկա-աֆղանական սահմանն ամրապնդելու հարցում Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն տրամադրելու» մասին որոշման իրականացման ապահովումը: