ՀԲՖ-ն, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն պայմանագիր են ստորագրել
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համագործակցության պայմանագիր են ստորագրել, հայտնում է բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան:
ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ պայմանագիրը լայն հնարավորություններ է ընձեռելու բասկետբոլիստների համար, քանի որ փոխգործակցության շրջանակում նրանք կկարողանան մարզվել ավելի լավ պայմաններում։
«Այս պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է բասկետբոլային մրցաշարերի կազմակերպման տեսանկյունից, քանի որ Հայաստանում այսօր շատ քիչ մարզադահլիճներ կան, որտեղ հնարավոր է անցկացնել բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպումներ։ Հուսով եմ՝ նման համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծել է Նազարյանը:
Բասկետբոլի Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը մատնանշել է, որ մարզահամալիրի բասկետբոլային դահլիճը ներկա պահին կահավորվում է ժամանակակից մարզագույքով։ Թիմերը կկարողանան մարզումներ անցկացնել, այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններ, այլ նաև տարբեր պատանեկան մրցաշարեր:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մասն է` ուղղված մարզահամերգային համալիրի զարգացմանը, և նման պայմանագրի կնքումը լավ սկիզբ է հանդիսանում այդ ծրագրի իրականացման և մեծ սպորտը մարզահամալիր վերադարձնելու համար:
«Ամբողջ անձնակազմը կնպաստի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի բոլոր ծրագրերի իրականացմանը և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պայմանագրեր կնքվեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ֆուտզալի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի և այլ ֆեդերացիաների հետ, որպեսզի սպորտը մեծ ծավալով վերադառնա մարզահամալիր»,- ասել է նա։