Ամստերդամի կենտրոնում հայտնի լրագրողի վրա են կրակել, մի փամփուշտը դիպել է նրա գլխին (լուսանկար)
Նիդեռլանդների մայրաքաղաքի կենտրոնում հուլիսի 6-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել է քրեական լրագրող Պիտեր դը Վրիսի վրա, որը լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ 64-ամյա Դը Վրիսը RTL Boulevard հեռուստահաղորդմանը հյուր էր գնացել: Կրակահերթն արձակվել է, երբ նա լքելիս է եղել ստուդիան:
Ականատեսների համաձայն՝ արձակվել է առնվազն 5 կրակոց, նշվում է, որ մեկը դիպել է լրագրողի գլխին:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետախուզվում է սպիտակամաշկ տղամարդ՝ մուգ կանաչ բաճկոնով և սև գլխարկով:
Այս միջադեպի կապակցությամբ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդ Գրապերհաուսը շտապ հանդիպում կանցկացնեն Հաագայում:
Պիտեր դը Վրիսը քրեական լրագրող է, որը մի քանի քրեական գործերի հետաքննության ժամանակ որպես փորձագետ է հանդես եկել: Քրեական կարտելներից մեկի առաջնորդի ձերբակալությունից հետո նա երկար ժամանակ գտնվել է ոստիկանության պաշտպանության տակ: