Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ria.ru-ն:
«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերները խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, ինչպես նաև իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի պատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը», - ասել է նա կազմակերպության խորհրդի նիստում:
Ըստ նրա՝ նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի ԽՎ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:
«Առավել ևս, որ մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրություն են հայտնում: Այս առումով դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները», - ասել է քաղաքական գործիչը:
Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստան և Սերբիա:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան:
«Որպես կանոն, ընդունված չէ խոսել այդ մասին: Օրինակ՝ նույն Պակիստանը վաղուց էր ուզում լինել և՛ դիտորդ, և՛ այժմ, միգուցե, որպես գործընկեր», - ասել է նա: