Քննիչները ազատման դիմումներ են գրում. ինչ է կատարվում համակարգում. «Ժողովուրդ»
«Զինվորական քննչական վարչությունում ազատումների շքերթ է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները հայտնվել են խնդրի առջև, և դա է պատճառը, որ այլ ելք չունենալով՝ ազատման դիմումներ են գրում: Քննիչներն իրենց վարչության պետերին դիմում են ներկայացնում և հայտնում, որ այլևս ուժ չունեն աշխատելու այս պայմաններում, քանի որ իրենց գլխին հազարավոր քրեական գործեր են, որ չեն հասցնում քննել:
Կարճ ասած, քննիչի գործը անշնորհակալ աշխատանք է դարձել, ուստի մասնագետները գերադասում են լքել համակարգը: Օրերս ազատման դիմում է գրել Իջևանի ՀԿԳ քննիչներից Հայկազ Մելքոնյանը, և որքան էլ նրան համոզել են մնալ, չի համաձայնել: Զինվորական քննիչներից շատերն էլ դիմում են գրել, տեղափոխվել են դատախազություն՝ դատախազի աշխատանքը համարելով առավել թեթև ու հանգիստ գործ:
Ավելին՝ քննիչներն իրենց ղեկավարներին դժգոհել են, որ 10 օր որևէ քրեական գործով գործողություններ չեն անում, դատախազությունը ծառայողական քննություն է նշանակում, ու երբ բացատրում են դատախազներին, որ չեն հասցնում, քանի որ հազարավոր գործեր կան իրենց վարույթում, դատախազները չեն լսում՝ հորդորելով դիմել կառավարություն, որ նոր հաստիքներ բացեն:
Հասկանալի է, որ դա այնքան էլ իրատեսական չէ, հետևաբար քննիչներն իրավիճակից դուրս գալու միակ ելք են համարում ազատման դիմում գրելը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։