Ադրբեջանի իշխող ընտանիքը սնվում է SOCAR-ի հաշվին. ադրբեջանցի ընդդիմադիր
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին անդրադարձել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ֆինանսական դրությանը՝ մասնավորապես, նշելով, որ հրապարակված ֆինանսական զեկույցից երևում է, որ ընկերությունը 2020 թ. 1750 մլրդ մանաթի վնասով է աշխատել։
Միևնույն ժամանակ, պարզ է դարձել, որ ընկերության կարճաժամկետ արտաքին պարտքերը 6 մլրդ մանաթի են հասել, իսկ ամբողջական պարտքը 11.219 մլրդ մանաթ է։ Այդպիսով՝ ընկերության ընթացիկ պարտավորությունների ծավալը հասել է 20.6 մլրդ մանաթի, ինչը Ադրբեջանի մեկ տարվա բյուջեի մոտ 70-75 տոկոսն է։ Հասանլին ընդգծում է, որ ընկերությունն, ըստ երևույթին, պարտքի մեջ խրված է։
Սակայն ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ այդքան պարտք կուտակած ընկերությունը, որը չի կարողանում կատարել պետբյուջեի նկատմամբ իր պարտավորությունները, միլիոնավոր դոլարներ է ծախսում Ադրբեջանի հետ կապ չունեցող միջազգային մարզական մրցումների և այլ գործերի վրա:
Ազգային խորհրդի ղեկավարի գնահատմամբ՝ SOCAR-ի պարտքային ճգնաժամը մասամբ պայմանավորված է ընկերության «անիմաստ ծախսերով», մասամբ էլ այն հանգամանքով, որ ընկերությունը դարձել է իշխող ընտանիքի «կթան կովը»: Օրինակ՝ վերջերս պարզվել է, որ SOCAR-ը Մոնտենեգրոյում 500 մլն ԱՄՆ դոլարի հանգստավայր է նվիրաբերել իշխող ընտանիքին պատկանող PASHA հոլդինգին։
Բացի այդ, պատքերի և պարտավորությունների մեջ խրված ընկերությունը 700 մլն մանաթ արժողությամբ 40-հարկանի գրասենյակ է կառուցել, սակայն նման արագ սնանկության դեպքում SOCAR-ը չի կարողանա անգամ գրասենյակային ծախսերը հոգալ։
Ըստ այդմ էլ, ըստ ընդդիմադիր գործչի, աղքատացող ընկերությունը վերածում են բյուջետային կազմակերպության՝ նպատակ ունենալով բյուջեի հաշվին գազի և էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելով, փոխհատուցել ընկերության՝ վտանգավոր չափի հասնող պարտքերը, իսկ SOCAR-ի «փորձագետների» կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ արվող ծիծաղելի բացատրությունները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ ընկերությունը գտնվում է նման տխուր իրավիճակում: