Իրանում էլեկտրաէներգիայի անջատումների արդյունքում անջատվել է նաև «Իսրայելի ոչնչացման օրերը հաշվող» ժամատախտակը
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները բողոքի ալիքի պատճառ են դարձել Իրանի Իսլամական Հանրապետությունում, գրում է The Jerusalem Post-ը և հավելում, որ սա նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի համար վատ սկիզբ է։
Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆն այս շաբաթ քննադատել է կառավարության վարած քաղաքականությունն ու նշել, որ էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում գոնե պետք է պահպանել անջատումների տրված ժամանակացույցը, որպեսզի մարդիկ կարողանան ծրագրել իրենց գործերը։
Լրատվամիջոցը նշում է, որ տվյալ քննադատությունը բացահայտում է խնդրի խորությունը, որում Իրանը միայնակ չէ, քանի որ նման անջատումները մասշտաբային են դարձել նաև Իրաքում՝ պայմանավորված Իրաքում էլեկտրահաղորդման գծերի վրա տեղի ունեցած ահաբեկչություններով։
«Իրավիճակն այնքան վատ է, որ անջատվել է անգամ էլեկտրոնային ժամատախտակը, որը, ենթադրաբար, հաշվում է Իսրայելի ոչնչացման օրերը», - գրված է The Jerusalem Post-ում։ Լրատվականը նկատի ունի 2017 թվականի ամռանը իրանցի ցուցարարների տեղադրած ժամատախտակը, որը տեղադրման ժամանակ ցույց է տվել 8411 օր «մինչ Իսրայելի ոչնչացումը»: Նշվում է, որ այս թիվը հղում է անում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ելույթին, որը 2015 թվականին հայտնել էր, որ մինչ 2040 թվականն «Իսրայելից ոչինչ չի մնա»։