ԱՄՆ պետդեպը կոչ է արել Թբիլիսիին պատժել ԼԳԲՏ երթին դեմ արտահայտվող և բռնություն գործադրած անձանց
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն իր թվիթերյան էջում անդրադարձել է երեկ Թբիլիսիում նախատեսված սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների բողոքի ակցիային, ինչպես նաև տեղի ունեցած հարձակումներին՝ կոչ անելով պատժել բոլոր մեղավորներին:
«Մենք դատապարտում ենք Վրաստանում հուլիսի 5-ին տեղի ունեցած դաժան հարձակումները քաղաքացիական ակտիվիստների, համայնքի ներկայացուցիչների և լրագրողների դեմ: Վրաստանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն բռնության մասնակիցներին», - գրել է Փրայսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ:
ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիների հարձակումների ժամանակ վիրավորվել են 16 լրատվամիջոցների աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ և լուսանկարիչներ։
Media Checker.Portal-ը հայտնել է, որ ցուցարարները ծեծել են լրագրողներին, վիրավորել նրանց, շշեր ու քարեր նետել նրանց վրա, ինչպես նաև կոտրել աշխատանքային գործիքները:
Հայտնի է, որ երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում գտնվող տուժած լրագրողներին և նշել, որ տեղի ունեցածը միանգամայն անընդունելի է։
«Սա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ, սրանք վրացական ավանդույթները, հավատը և այն ապագան չեն, որը մենք ցանկանում ենք այս երկրի համար։ Մենք չհասկացանք, որ առճակատմամբ ոչնչի չենք հասնի», - ասել է Զուրաբիշվիլին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է որակել Թբիլիսիի իրադարձությունները:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Երեկ նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել է Վրաստանում բարձրացած բողոքի ալիքի պատճառով: