Թուրքիայի հատուկ ծառայությունները «ևս մի հաջող գործողություն են իրականացրել». Էրդողանը հայտնել է իր հակառակորդի ձերբակալության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները Թուրքիա են բերել Էրդողանի հակառակորդ, FETO կրոնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի համախոհ Օրհան Ինանդըին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը «ևս մի հաջող գործողություն է իրականացրել»:
Էրդողանը հայտարարել է, որ FETO-ի Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրեն Օրհան Ինանդըն բերվել է Թուրքիա և «հանձնվել դատարանին»:
«Մենք թույլ չենք տա գոյություն ունենալ մի կառույցի, որը ձգտում է ոչնչացնել երկիրն ու ազգը, հեղաշրջումներ է կազմակերպում, արյուն թափում ու պառակտում սերմանում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ըստ նրա՝ մինչ օրս FETO-ի ավելի քան 100 անդամ է բերվել Թուրքիա տարբեր երկրներից:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» (FETO, «Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում: