Շոտլանդիայում տղամարդն ամուսնանալուց րոպեներ առաջ մահացել է (լուսանկարներ)
Շոտլանդիայի Սոլթքոթս քաղաքում տղամարդն ամուսնանալուց րոպեներ առաջ մահացել է, հայտնում է Daily Record-ը՝ հավելելով, որ 11 երեխաների հայրը պատրաստվում էր ամուսնանալ 21 տարվա կողակցի և 5 համատեղ երեխաների մոր հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ քաղցկեղ ունի։
Բժիշկները տղամարդուն օրեր առաջ հայտնել էին, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի՝ լյարդում և թոքերում մետաստազներով, և նրան 6 շաբաթից 2 ամսվա կյանք է մնացել։
Զույգը ցանկացել է ամուսնանալ, սակայն նրանց վերջին ցանկությունն այդպես էլ իրականություն չի դարձել։
38-ամյա Էլիսոն Ուինն ասել է, որ եթե իմանար կողակցի ծանր վիճակի մասին, հարսանիքը շաբաթվա սկզբին կկազմակերպեին, և նշել, որ 57-ամյա Փոլ Ուինն իրականում երբեք քաղցկեղի դեմ բուժում չի ստացել։
Էլիսոնն ավագ որդու՝ 20-ամյա Սենդի ուղեկցությամբ մտել է քաղաքապետարան, որտեղ Փոլին տարել էին անվասայլակով, քանի որ կանգնելու ուժ չէր ունեցել։ Երբ Էլիսոնը ներս է մտել, հասկացել է, որ ապագա ամուսինն իրեն լավ չի զգում և նրան հասնելով՝ մի քանի անգամ տվել է նրա անունը, սակայն տղամարդը չի արձագանքել։ Նրան փորձել են առաջին օգնություն ցույց տալ, սակայն ապարդյուն։
Էլիսոնը նշել է, որ նրա համար դժվար է, սակայն պետք է առաջ շարժվի հանուն երեխաների։