Պատերազմի ժամանակ, անգամ, երբ կողքից արկերի ձայներ էին լսվում, Նոյն ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, չենք թողնի թշնամին առաջ գա. նահատակված 19-ամյա Նոյ Թևոնյանի մասին պատմում է քույրը
44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Նոյ Թևոնյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի քույր Լիանա Թևոնյանի հետ:
Լիանան պատմում է, որ յոթ հոգանոց ընտանիքում մեծացած միակ արու զավակը, ոչ միայն երեսառած չէր, այլ նաև եսասեր ու եսակենտրոն չէր: Փոքր տարիքում ամեն անգամ իրեն բաժին հասած մեկ «Սնիկերսը» 7 հավասար մասի էր բաժանում ու կիսում ընտանիքի բոլոր անդամների հետ անխտիր:
Քույրը պատմում է, որ Նոյը դեռ մանկուց տարբերվում էր ոչ միայն անունով, այլ իր տեսակով։ Անսահման բարի, կամեցող, ամենքի հանդեպ ուշադիր ու կարեկցող անձնավորություն էր Նոյը։ Շատ մարդասեր էր, փորձում էր ամենքին օգնել։ Իր դպրոցական ծախսերը կրճատում ու դրսում անտուն մարդկանց էր օգնում, մանրավաճառությամբ զբաղվող տատիկ-պապիկներին, հաճախ իր հետաքրքրություններին չհամապատասխանող գրքեր էր գնում, որպեսզի օգնի վաճառող մեծահասակներին։
Նոյ Թևոնյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզի Արալեզ գյուղում, տան կրտսեր երեխան է, ու միակ տղան, երեք ավագ քույրերիցս հետո ամենասպասվածը։ Նոյը նաև ՌԴ քաղաքացի էր, ընտանիքով տեղափոխվել էին ՌԴ մշտական բնակության, բայց Նոյը գիտակից տարիքում նախընտրեց վերադառնալ ՀՀ և ծառայել իր հայրենիքում։ Նա կյանքի բոլոր պլանները կապում էր միայն Մայր հայրենիքի հետ։
2008-2011 թվականներին հաճախել է Վեդիի մարզադպրոց և զբաղվել «Դոքենդո» կարատեով։ Սովորել է Արալեզի հանրակրթական դպրոցում։ Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր։ 2015-2019 թվականներին սովորել է «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում։ Գրանցել բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում, արժանանալով պատվոգրերի։ 2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարան, սովորում էր Ագրարային համալսարանի «Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժնում»:
«2020 թվականի հունվարի 19-ին զորակոչվել է ՀՀ բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մասնակցել է հայ-ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի մեկնարկին արդեն 8 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Զինընկերները Նոյին «Ռազվետկի Պոնչ» էին ասում»,-պատմում է քույրը:
Լիանան ներկայացնում է, որ եղբայրը շատ տարբերվող տեսակ էր. շատ խելացի էր, շատ հասուն, շատ արդարամիտ։ Չէր հանդուրժում անարդարությունը, նաև շատ ներողամիտ էր և բոլորիս հորդորում էր ներել մարդկանց անգիտակցաբար արված սխալները։ «Մի օր Նոյը լուռ նստած էր, կարծես մտածում էր ինչ-որ հարցի շուրջ ու հետո մայրիկին հարցրեց՝ մամ, գիտե՞ս ինչն իմ մեջ չեմ սիրում, ու երբ հնչեց հարցը՝ ի՞նչը, տղաս, Նոյը պատասխանեց՝ խիղճս, խիղճս չեմ սիրում, խիղճը ինձ շատ ա խանգարում այս անարդար աշխարհում ապրել։ Շատ ընկերասեր էր, բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ, մտածում ու ցավում էր բոլորի համար»,– պատմում է քույրը։
Դասընկերները Նոյին նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին, ինքն էլ էր նմանեցնում։ Հունվարի 19-ին, երբ զինկոմիսարիատում նկատեց փակցված հերոսների նկարները, նայեց ու ևս մեկ անգամ ասաց՝ ի՞նչ նման ենք ես ու Ջիվան Աբրահամյանը, հիմա ոչ միայն արտաքնապես ես նման, այլ նաև հերոսությամբ։ Նա ծնված օրից դաստիարակվել էր որպես հերոս»,- պատմում է Լիանան։
Հերոսը դեռ մանկուց լսել էր Արցախյան պատերազմի մասնակից հոր պատմությունները հայրենիքի, հայրենասիրության, անձնազոհության մասին, որից էլ նրա մեջ սերմանվել էին ազնվությանը, արդարության ու պատվախնդրության վեհ զգացումները։
«Այնքան մեծ էր իր մեջ սերը դեպի հայրենիքը, որ համոզված կարող եմ ասել, եթե Նոյը գտնվեր աշխարհի մյուս ծայրին և լսեր պատերազմի լուրը, առաջին իսկ րոպեից ուղիներ էր փնտրելու շուտափույթ հայրենիք վերադառնալու և հայրենիքի սահմանները ամուր պահելու գործում իր լուման ներդնելու համար։ Համեստ անձնավորություն էր Նոյը, իրենից շատ բան կարելի էր սովորել։ Նիցշեի սիրահար Նոյը, ասում էր՝ ինչ ոլորտ էլ ընտրեմ, պիտի լավագույն մասնագետը լինեմ։ Ամեն ինչ պրոֆեսիոնալ ու վարժ էր անում, իրեն այնքան հավասարակշռված էր պահում, որ տպավորություն էր, թե 18 տարեկան երիտասարդի հետ չես շփվում այլ հասուն տղամարդու: Ինչպես զինակից ընկերներն են պատմում՝ անգամ պատերազմի ընթացքում Նոյը այնքան հավասարակշռված է կատարել իր քայլերը ու այնքան պրոֆեսիոնալ, որ տպավորություն էր, թե առաջին անգամ չէ պատերազմի մասնակցում», – պատմում է քույրը:
Լիանան նշում է, որ Նոյն իր բնույթով շատ հետաքրքրասեր էր ու իր հետաքրքրասիրությամբ, պրպտուն բնավորությամբ վարակում էր շրջապատին։ «Զինակից ընկերը պատմում է՝ երբ նկատում էինք՝ Նոյը որևէ բան է անում, ամբողջ վաշտով հավաքվում էինք նայելու, թե ինչ է անում, ինչ նոր բան է մտածել: Նոյն օժտված էր մեծ կամքի ուժով, պատասխանատվությամբ, երբեք չէր ընկճվում ոչ մի դժվարությունից, այլ փորձում էր յուրաքանչյուր իրադրությունից պատվով եւ հաղթանակած դուրս գալ»:
Քույրը Նոյի անձնական կյանքի մասին խոսելիս՝ քույրն ասաց, որ եղբայրն ընտրած աղջիկ ուներ: «Դեռ մեզ հետ չէր ծանոթացրել, բայց զգում էինք, որ սրտում ինչ-որ մեկը կա։ Երբեմն, քույրիկներիցս հետաքրքրվում էր, թե ի՞նչ նվեր կարելի է գնել աղջկա համար»։
Հիշելով պատերազմի օրերը՝ Լիանան պատմում է, որ ընտանիքի անդամները, բնականաբար, շատ էին անհանգստանում, քանի որ գիտակցում էին, թե ինչ է նշանակում «լայնամասշտաբ պատերազմ» տերմինը և բնականաբար ավելի էր սաստկանում այդ անհանգստությունը, երբ լսում էին 18 տարեկան տղաների զոհվելու մասին:
«Միևնույն ժամանակ համոզված էինք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեզ ուժ ու հավատ փոխանցողը Նոյն է եղել, ամեն զանգի ընթացքում անգամ, երբ կողքից արկերի ձայներ էին գալիս, նա մեզ ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն գնով պահելու ենք, չենք թողնի թշնամին առաջ գա:
Նոյը, անգամ, երբ Մատաղիսի թագավորությունը համառ մարտերից հետո անցել էր թշնամու վերահսկողության տակ, չէր կորցնում հավատը, որ հետ են գնալու եւ թշնամուն վռնդեն հայոց հողից: Այդ մասին մի զանգի ընթացքում ասաց՝ մեր պոստի իրերը կոկիկ դրված ենք թողել, մնում ա դրանք չավերեն մեր պոստը մինչև զինվենք ու հետ գնանք դրանց հետ շպրտենք»,- ասում է Լիանան:
Նոյը պատերազմի ընթացքում հաղթական էր տրամադրված: «Համոզված էր որ հաղթելու ենք և իրենք հաղթեցին: Իրենից միայն ասում էր՝ նորմալ ենք, հանգիստ եղեք։ Շատ մարդասեր էր, անհանգստանում էր բոլորի համար: Պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր, գոնե մի քանի վայրկյանով զանգում էր ու անգամ այդ մի քանի վայրկյանների ընթացքում հասցնում էր մեր ընտանիքի միջոցով փոխանցել ինֆորմացիա տղաների ծնողներին, որպեսզի ծնողները հանգիստ լինեին»:
Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր և ինչպես քույրն է ասում՝ երևի չկա նման մի սարքավորում, որից Նոյը չհասկանար։ «Ծառայակիցներից մեկը, որը պատերազմի ժամանակ եղել է եղբորս հետ, պատմում է, որ Նոյն ամենադժվարին պահերին իր գիտելիքներով շատ մեծ ներդրում է ունեցել մարտերի ժամանակ։ Մեկ «դրոնն» է վերանորոգել, կրակի տակ միայնակ դուրս է եկել խրամատից և սյան վրա տեղադրված տեսախցիկներն է վերանորոգել, որպեսզի զինվորները ստիպված չլինեն խրամատից դուրս գալ և դրսում կանգնած հսկեն, այլ պաշտպանված հատվածից կարողանան հսկողության տակ պահել իրավիճակը։ Մեկ վնասված ռացիայից լիցքավորման սարք է պատրաստել, ինչը, իհարկե, շատ է օգնել տղաներին կապի միջոց ունենալու հարցում։ Նաև այս տղան պատմում է, որ Նոյը, չլինելով այն մասնագետը, որը պետք է կոորդինատներ տա կրակի համար՝ թեժ մարտերի ժամանակ, Նոյը կոորդինատներ է տվել, որի արդյունքում տղաները տանկեր են խփել։ Զինակից ընկերն անգամ պատմում է, որ Նոյը փորձում էր իրեն սովորեցնել, թե ոնց ճիշտ կոորդինատներ հաշվի, քանի որ մարտերը թեժ էին և չգիտեին, թե ով ողջ կմնա, իսկ ճիշտ կոորդինատները կարևոր էին։ Տղան ժպիտով է հիշում ամեն պահը, ասում է՝ Նոյը բացատրում էր, թե ոնց հաշվի հետո էլ վերջում ջղայնանում էր, թե ոնց դուք չեք կարողանում, ախր հեշտ ա ու ինքն էր հաշվում»։
Հերոսը երազանքներ ու նպատակներ շատ ուներ։ «Սիրում էր կյանքը, հետաքրքիր ու լիարժեք էր փորձում ապրել։ Հաճախ այնպիսի բաներ էր ասում, որ արդի էին դառնում մեկ կամ երկու տարի հետո, կարծես ինքը ապագայից էր եկել ու ամեն բան գիտեր։ Նպատակ էր դրել իր առջև մոտոցիկլետ գնել, շատ էր սիրում արագությունը։ Իր վառ երազանքներից էր ճամփորդելը։ Ցանկանում էր Չինաստան գնալ։ Հիանում էր այդ երկրով ու մարդկանց կյանքի տեմպով. կիսատ մնացին երազանքները»։
Նոյն ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 7-ին, այդ օրը երկու անգամ զանգել ու խոսել է ընտանիքի բոլոր անդամների հետ: Մինչ այդ զանգը պատերազմի ընթացքում եղած մյուս զանգերը կարճ են տևել: «Իր զոհվելուց ամիսներ անց իմացանք, որ Նոյը և իր մյուս հետախույզ ընկերները գիտակցել են, որ գնում են զոհվելու, գիտակցված զանգել են իրենց ընտանիքներին և վերջին անգամ խոսել տան բոլոր անդամների հետ»:
Խոսելով պատերազմի նման ավարտի մասին՝ հերոսի քույրն ասում է, որ այս պատկերն անսպասելի էր, քանի որ վստահ էին հայի միասնության վրա, բայց, ցավոք ունենք այն, ինչ ունենք:
«Նոյը, եթե տեսներ հայրենիքը ներկայիս վիճակում համոզված եմ՝ կասեր, որ դեռ կռիվն ավարտված չէ: Ո՞նց կարող ենք ասել պատերազմը վերջացել է, երբ թուրքը մեր հողի վրա է, երբ գերի է վերցնում մեր տղաներին և վերջապես ո՞նց ասենք պատերազմն ավարտված է, երբ մեր եղբայրների, հայրերի ու պապերի արյունով ներծծված հողը թուրքի տիրապետության տակ է, երբ ծնողը չի կարողանում գնալ ու հերոս որդու արյունով ներծծված հողում մի ծաղիկ տնկի, ու ես կարող եմ ասել, որ կռիվ ունենք տալու, տղերք»,- ասում է Լիանան:
Խոսելով եղբոր սխրանքների մասին՝ Լիանան պատմում է, որ պատերազմի մասնակից կամավորականներից մեկը, որը Նոյի հետ մի քանի օր պայքարել է թշնամու դեմ, շատ մեծ հիացմունքով էր խոսում Նոյի և իր հետ նույն խրամատում (101 պաշտպանական դիրք) պայքարած ևս երեք հետախույզ ընկերների մասին։
Կամավորը պատմել է, որ առաջին անգամ Նոյին և իր մի քանի ընկերներին հանդիպել է հոկտեմբերի 2-ին: «Երբ տղաները նոր դուրս էին եկել շրջափակումից (հորս խորհրդի և ոտքով Մատաղիսից Մարտակերտով դեպի Դրմբոն գնալու մասին է խոսքը) և երբ կամավորականները հանդիպել են Նոյին և ընկերներին տղաները պատրաստակամ էին հենց նույն պահին հարձակվել թշնամու վրա՝ միևնույն ժամանակ լինելով շատ թույլ, չունենալով ո՛չ սնունդ, ո՛չ էլ ջուր։ Պատմում է, որ մեր հերոս տղաները խմում էին Թարթառ գետի ջուրը և սնվում խոտերի արմատներով ու անգամ այդպիսի պայմաններում պայքար էին մղում։
Պատմում է նաև մի դրվագ, որն ուղղակի ապշեցնում է։ Նա և այդ մի քանի երեխեքը առանց համապատասխան զենք ունենալու կանգնացրել են 10 տանկ և թշնամու 300 զինվոր։ Պատմում է, որ նախապես ներքին հետախուզության տվյալներ ստացան, որ իրենց դիրքի ուղղությամբ մեծ մասշտաբի գործողություն է սպասվում մի քանի ժամից։ 18-19 տարեկան հետախույզ տղաներին զգուշացրել են, որ սպասում է նման հարձակում ու մի քանի զինվորով և նման զենքերով անհնար է ողջ մնալ ու դեռ մի բան էլ ոչնչացնել թշնամու այդ մեծ խումբը, բայց երեխեքը պատասխանել են, որ մնում են մինչև վերջ։ Ամեն տողից հետո այդ մարդը ավելացնում էր, որ ապշած է և նման քաջություն չի տեսել երբևէ»:
Քույրը նշում է, որ Նոյի զոհվելուց հետո հանդիպել է նաև Նոյի զինակից ընկերներից մեկին ով եղբոր անձնական իրերից է փոխանցել ընտանիքին։ Զինակից ընկերն էլ իր հերթին մեկ դրվագ է պատմել։ «Պատմեց, որ ինտենսիվ կրակի պատճառով զինվորները մի քանի օր մնացել էին առանց սնունդ և ջուր, թուլացել էին ֆիզիկապես Նոյը տեսնելով, որ տղաները այլևս չեն կարող դիմանալ առանց սնունդ՝ միայնակ ինտենսիվ կրակի տակ է գնացել՝ Մատաղիսի զորամասի տարածքից ուտելիք բերելու։ Այս տղան հիացմունքով էր խոսում Նոյի համարձակության մասին։ Ասում էր, որ ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ այդ կրակի տակ։ Ավելացնեմ, որ ինչպես մյուս զինակից ընկերները այնպես էլ այս տղան ասում էր, որ նման մեծ սիրտ ունեցող մարդ չի ճանաչում ու ոնց որ նա ասաց՝ ես արդեն հավատում եմ այն խոսքերին, որ Աստված լավագույններին է տանում»:
Նոյն իր երեք հետախույզ ընկերների և հրամանատարի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին, Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը պաշտպանելիս, որը կարևորագույն կետ է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում և միևնույն ժամանակ «Եղնիկներ» կոչվող զորամասի թիկունքը։
Նոյը հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։ Նա հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական Ծառայություն», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով։