Լևոն Արոնյանի ընկերուհի. Սա բոլորիս հաղթանակն է
Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվզազյանը հայ գրոսմայստերի՝ արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Սիրելինե’րս, hիշու՞մ եք՝ խոստացել էի լավ լուրեր բերել: Օրեր շարունակ լինելով մրցաշարի առաջնատարը և գրանցելով մի շարք հաղթանակներ՝ Լևոնս դարձավ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթողը: Անկեղծ ասած, անչափ հուզված եմ ու ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, ովքեր հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ: Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,- գրել է Անիտա Այվզազյանը:
Հիշեցնենք, որ եզրափակիչի 2 խաղային օրերի արդյունքում Արոնյանն ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևից:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը թայ-բրեյքում պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մրցաշարի նախնական փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 10,5 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկել առաջին տեղով: Քառորդ եզրափակիչում նա ուժեղ էր գտնվել հնդիկ Արջուն Էրիգաիսիից:
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։