ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրում է Բաքվում Եվրո-2020-ի խաղի ժամանակ ծիածանի դրոշի առգրավումը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննում է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ժամանակ շաբաթ՝ հուլիսի 3-ին, Բաքվում կայացած Դանիայի եւ Չեխիայի հավաքականների միջեւ խաղի ընթացքում ծիածանի դրոշն առգրավելու միջադեպը, հաղորդում է DW-ը:
Բաքվում «Օլիմպիական» մարզադաշտի աշխատակիցները վերցրել են ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշը Դանիայի հավաքականի երկրպագուից:
ՈՒԵՖԱ-ն ցուցում չի տվել առգրավելու ծիածանի դրոշները խաղերի ժամանակ ո՛չ Բաքվում, ո՛չ այլ քաղաքներում, որոնք ընդունում են եվրոպական առաջնությունը, նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Ծիածանի դրոշը մարմնավորում է ՈՒԵՖԱ-ի հիմնարար արժեքները, նշել են միությունում:
Նախնական տվյալներով՝ տղամարդը հարբած էր: Նրա եւ խաղի մի քանի այցելուների միջեւ բռնկվել էր վեճ: Սպասարկող անձնակազմը միջամտել էր, սակայն թույլ տվել դանիացի երկրպագուին մնալ մարզադաշտում՝ չնայած նրա վիճակին, իսկ դրոշն ավելի ուշ վերադարձվել էր նրան: Այդ տեղեկատվությունը հաստատել է Fans Europe ֆուտբոլային երկրպագուների միավորումը՝ նշելով ՈՒԵՖԱ-ի կանոնների կոպիտ խախտման մասին: