Թալիբները մեկ օրում Աֆղանստանի 13 շրջան են գրավել
Վերջին 24 ժամվա ընթացքում «Թալիբան» շարժման զինյալները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի 13 շրջանում, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները: Սա այն տարածքների առավելագույն քանակն է, որոնք թալիբները կարողացել են գրավել այսքան կարճ ժամանակահատվածում, գրում է interfax.ru-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, ներկայում «Թալիբան» շարժումը վերահսկում է երկրի 370 շրջաններից 110-ը: Իր հերթին, Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում երկրի ինը նահանգներում մարտերի ընթացքում 224 թալիբ է ոչնչացվել: Նախարարությունը խոստացել է հետ գրավել թալիբների գրաված տարածքները:
Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մինչ այս տարվա սեպտեմբերի 11-ը իրենց զորքերը դուրս կբերեն Աֆղանստանից: Մասնավորապես, ավելի վաղ ամերիկացի զինծառայողները լքել էին Բագրամի ավիաբազան: ԱՄՆ մի քանի գործընկերներ արդեն ավարտել են իրենց ուժերի դուրսբերումը Աֆղանստանից:
Զորքերի դուրսբերումը տեղի է ունենում Աֆղանստանում «Թալիբան» շարժման ապստամբների ակտիվացման ֆոնին: Մայիսից նրանք լայնամասշտաբ հարձակողական գործողություն են իրականացնում և հաճախ հետ են մղում կառավարական ուժերին: