Իմունոլոգը պատմել է պատվաստվածների մոտ COVID-19-ի ընթացքի մասին
Պատվաստումից հետո հնարավոր է վարակվել կորոնավիրուսով, բայց այդպիսի պացիենտների մոտ հիվանդությունն ավելի հաճախ ընթանում է թեթեւ ձեւով, ասում է բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը, հաղորդում է РБК-ն:
«Եթե պատվաստումից հետո մարդը վարակվում է, դեպքերի ճնշող մեծամասնությամբ նա թեթեւ է հիվանդանում: Թեեւ փոքր հավանականություն կա, որ մարդը հիվանդության ծանր ձեւ կունենա, սակայն այդ հավանականությունը նվազում է 98-99%-ով»,- ասել է Կրյուչկովը: Նաեւ իմունոլոգը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատվաստված մարդկանց մոտ վարակվածության շրջանը շատ ավելի քիչ է տեւում, քան չպատվաստվածների մոտ: «Մարդը կարող է վարակվել եւ վիրուսներ արտադրել, բայց, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակահատվածը սովորականից շատ կարճ կլինի: Սովորաբար, այս ժամանակահատվածը տեւում է ախտանիշների ի հայտ գալուց հետո մեկ շաբաթ: Այս դեպքում դա տեւում է 3-4 օր»,- ասել է նա:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը ուղեցույցներ էր հրապարակել՝ նշելով, որ կորոնավիրուսից պատվաստանյութերի պաշտպանության աստիճանը անհայտ է: «Թեեւ COVID-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում է մարդուն լուրջ հիվանդությունից եւ մահից, դեռեւս լիովին հայտնի չէ, թե որքանով է այն պաշտպանում վիրուսով վարակվելուց եւ կանխում դրա փոխանցումը այլ մարդկանց»,- ասվում է փաստաթղթում: