Ներկայացվել է Տորոնտոյում կառուցվելիք ֆուտուրիստական «երկնային» քաղաքի նախագիծը (լուսանկարներ)
Daily Mail-ը ներկայացրել է կանադական Տորոնտոյում կառուցվելիք «երկնային» քաղաքի ինքնատիպ նախագիծը, որն իրենից ներկայացնում է 9 նոր աշտարակ, որոնք միմյանց միացված կլինեն կամուրջներով:
Կամուրջներում ևս տեղակայված կլինեն բնակելի համալիրներ, այգիներ և ժամանցի գոտիներ: Ֆուտուրիստական «մինի-քաղաքի» նախագիծը ստացել է «Օրկա Տորոնտո» անվանումը: Կյանքի կոչվելու պարագայում այն համալրված կլինի նաև բացօթյա մարգագետիններով, խաղահրապարակներով, զբոսուղիներով, հեծանավազքի համար նախատեսված երթուղով, որոնք կմիահյուսվեն աշտարակների շուրջ:
Խանութները, ռեստորաններն ու սրճարաններն անմիջապես կապված կլինեն այգու արտաքին հատվածի հետ: Ամբողջ համալիրը նախատեսվում է կառուցել 100 մետր լայնությամբ երկաթուղային գծերի գլխավերևում, ինչը, դիզայնի հեղինակների խոսքով, նշանակում է, որ քաղաքի կենտրոնական հատվածը կվերամիավորվի առափնյա հատվածի հետ:
Նախատեսված 9 աշտարակից 1-ը կհատկացվի գրասենյակային տարածքներին, մյուս ութը կլինեն բնակելի՝ մոտ 3000 բնակարանով: