«ԱՄՆ-ն այլևս արդար և բաց ընտրությունների երկիր չէ»․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն այլևս «արդար և բաց ընտրությունների» երկիր չէ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով երեկ երեկոյան տարածած Թրամփի հայտարարությանը։
«Տեսեք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում՝ կապված իրենց կեղծ ընտրությունների հետ», - ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Նյու Յորքի դեմոկրատ քաղաքապետի նախնական ընտրությունը, որի ընթացքում սխալմամբ հաշվարկել են 135 թեստային ձայն։ Թրամփը նշել է, որ ճիշտ նույնը տեղի է ունեցել 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում։
«Ամերիկան այլևս արդար և բաց ընտրությունների երկիր չէ», - նշել է 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփը և հավելել, որ դեմոկրատներն արմատական ձախակողմյան դատախազներին տրամադրում են Հանրապետական կուսակցության դեմ՝ «ընտրությունները գողանալու» համար։
«Նրանք ոչնչացնում են մեր երկիրը», - եզրափակել է Թրամփը։
Անցյալ տարվա նոյեմբերի 3-ին տեղի էին ունեցել ԱՄՆ նախագահի, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների և սենատորների մեկ երրորդի ընտրությունները, որի ընթացքում, համաճարակային պայմաններից ելնելով, հնարավոր էր փոստով քվեաթերթիկներ պատվիրել, ապա դրանք ուղարկել ընտրական հանձնաժողովներին։ Ընտրությունների արդյունքում ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվել էր դեմոկրատ Ջո Բայդենն, ու դեմոկրատները վերահսկողություն էին հաստատել Կոնգրեսի 2 պալատների վրա։ Թրամփը ընտրությունների փոստային քվեարկությունը քննադատել էր դեռևս ընտրությունների ավարտին՝ զանգվածային ընտրակեղծիքների, մահացածների անունից քվեարկության և այլ ընտրակեղծիքների համար։