Օդի մեջ խոսակցություններ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Շիրակի մարզում անասունների շրջանում սիբիրյան խոցի դեմ պայքարելու համար պետք է աշխատել: Խոսրովի անտառներում հրդեհները հանգցնելու համար պետք է ջանքեր գործադրել: Որպեսզի Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծորակից կոյուղու ջուր չգա, պետք է զբաղվել այդ վթարով: (Ի դեպ, ոչ ոք այլևս չի՞ ցանկանում այդ ջուրը խմեցնել բնապահպանության նախարարին, կամ էլ շփել Երևանի քաղաքապետի վրա: Ակնհայտորեն՝ մեր հ/կ-ները կորցրել էին իրենց նախկին խանդավառությունը):
Մի խոսքով, աշխատելը բարդ է՝ անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական հմտություններ, ջանասիրություն: Օրինակ, Արմեն Չարչյանի փոխարեն ոչ մի կաշվե բաճկոնով «կոմիսար» չի կարողանա վիրահատություններ անել, որովհետև վիրաբույժները սովորաբար մուրճով չեն աշխատում: Դիվանագետի փոխարեն ոչ մի փողոցային հռետոր բանակցություններ չի վարի, դատավորի փոխարեն ոչ ոք գործի հանգամանքները ծանրութեթև չի անի, նույնիսկ եթե հոգով-սրտով հավատարիմ է հեղափոխության գաղափարներին:
Իսկ ի՞նչն է հեշտ անել: Հեշտը խոսելն է, օդ ցնցելը: «Ժողովուրդը», ըստ երևույթին, երեք տարի առաջ այս իշխանություններին տվել է օդի մեջ խոսելու մանդատ, և հունիսի 20-ին այդ մանդատը հաստատել է: Ինչի մասին է սիրում խոսել իշխանությունը, նրա քարոզիչներն ու քծնողները: Դե, ամենասիրած թեման, ինչպես հայտնի է, «նախկիններին պատժելն» է: Ընդ որում, քանի որ երեք տարի դրա մասին խոսվում է և առանձնապես ոչ մի բան չի արվում, հիմա այդ «պատժելու» թեզը փոքր-ինչ ձևափոխվել է՝ «առաջ մենք բարի էինք, ներողամիտ, և դրա համար պատժելը լավ չէր ստացվում, իսկ ահա հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու: Քանի որ մեր չստացվելու հիմնական մեղավորները դատավորներն էին, ուրեմն հեսա մենք կփոխենք բոլոր դատավորներին, և նոր դատավորները «կփակեն» բոլոր մեր ասած մարդկանց»:
«Օպերացիան» հանձնարարվել է Գագիկ Ջհանգիրյանին, որն, իհարկե, լավ մասնագետ է և հասկանում է, թե որքան ուտոպիստական են այդ ծրագրերը, և «վեթինգի», «լյուստրացիայի», «դատական համակարգը զրոյից կառուցելու», «օրենքի դիկտատուրայի» մասին ամբոխահաճո խոսակցություններից այն կողմ գործն առաջ չի գնա: Ի դեպ, նույնքան կյանքից կտրված և ոչ պրոֆեսիոնալ են «ապօրինի գույքի բռնագանձման» մասին դատողություները: Ցանկալի է, որ ԲԴԽ փաստացի ղեկավարը, որին նշանակել են չափից դուրս ինքնուրույն Ռուբեն Վարդազարյանի փոխարեն, այդ ամենը հասցնի իշխանությունների ականջին:
Տեսականորեն, այո, հնարավոր է արձակել բոլոր դատարանները, ստեղծել հավատարիմ ՔՊ-ականներից բաղկացած «տրոյկաներ» և «բռնել տալ» մարդկանց ըստ այն ցուցակի, որն այդ «տրոյկաներին» կուղարկի Փաշինյանը՝ ամբոխի հրճվալից աղաղակների տակ: Բայց այդ փորձը շատ վատ կվերջանա մեր պետության և հատկապես իշխանության համար: Պարզ է, որ նման բան չի էլ արվի: Պարզապես խոսում են»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։