Գումարելիների տեղափոխությունից ոչինչ չի փոխվում. ամբողջ իշխանական թիմն է ձախողված. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Եթե նշենք, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը կազմաքանդված վիճակում է, նորություն ասած չենք լինի։ Ավելին, դա շատ մեղմ բնութագիր կլինի: Նույնիսկ ամենասովորական ընթացիկ խնդիրները, ինչպես, օրինակ՝ ոռոգման ջրի ապահովման հարցը, ցույց տվեցին, որ քաղաքացիները մեծ հաշվով միայնակ են իրենց հուզող հարցերը լուծելու խնդրում։ Իսկ իշխանություններն իրենց անգործությունը միշտ էլ կարող են արդարացնել մեղավորներ կամ քավության նոխազներ փնտրելով։ Նույնը վերաբերում է նաև պատերազմի ընթացքում կրած խայտառակ պարտությանը, դրա համար մեղավոր են զինվորականները, կամավորականները, նախկինները, բայց ոչ մի դեպքում՝ իշխանությունները։
Եվ պետք չէ զարմանալ, որ այսպիսի իրավիճակի արդյունքում է, որ պետությունը հայտնվել է արդեն իր սուբյեկտայնությունը կորցնելու եզրին, երբ անգամ ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Դրա համար էլ մեր սահմանները գործնականում անպաշտպան են մնացել, և թշնամին երբ ցանկանում, ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Իսկ շատ դեպքերում հենց կամավորականներն ու հովիվներն են իրենց վրա վերցնում պետության պարտականությունները և անձամբ են բանակցում թշնամու ներկայացուցիչների հետ։ Սրանք օրինակներ են: Ձախողումն ու ավերը պետական կառավարման բոլոր ոլորտներում են՝ արտաքին քաղաքականությունից մինչև առողջապահություն ու կրթություն: Ու այս ամենից հետո իշխանությունները դեռ համարձակվում են խոսել նոր բարեփոխումներ նախաձեռնելուց, այն էլ՝ ճոխ հայտարարություններով, թե իբր կառավարման համակարգը նոր ռելսերի վրա են դնում։
Բայց ամեն անգամ, երբ այս իշխանությունները խոսում են բարեփոխումների մասին, մարդու սարսափ է գալիս, թե էլ ինչ նոր փորձանք են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին: Հիմա նրանք խոսում են կադրային ջարդի մասին, կադրային մեծ փոփոխությունների մասին, ու սա ավելի վախեցնող է: Չէ՞ որ իրենց վարած կադրային քաղաքականության արդյունքում, երբ մի շարք պետական մարմինների առանցքային պաշտոններում փողոցից այնպիսի մարդիկ նշանակվեցին, որոնք ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու փորձ, այլև անգամ գաղափար չունեին, թե ինչ է պետական կառավարումը, պետական գերատեսչությունների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։
Իրականում պետական համակարգը դիմադրում էր դիլետանտությանը, անգործությանը, ամենօրյա ձախողումներին, քաոսին: Հիմա Փաշինյանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել կադրային նոր տեղափոխումներին և նշանակումներ անելուն: Դե, եթե հաշվի առնենք, որ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը, նաև վարչապետի նշանակումը տեղի կունենա մոտավորապես հուլիսի վերջին, ապա մի 10 օր էլ կառավարություն կձևավորվի, ստացվում է, առաջիկա 1-1,5 ամիսը Փաշինյանը հանրության ուշադրությունը կզբաղեցնի կադրային թեմաներով, նոր նշանակումների ու ազատումների շուրջ բուռն քննարկումներով։ Իրականում իր աղքատիկ թիմով առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, մասնակի «ռակիրովկաներ» անելն է, ոչ ավելին: Պետական համակարգում իր ձախողված որոշ թիմակիցների կտեղափոխի կառավարման այլ օղակներ կամ օրենսդիր մարմին, նրանց փոխարեն կնշանակի այլոց, որոնք ոչ պակաս ձախողված են, ոմանց կպահի իրենց տեղերում, թեպետ ձախողման գծով մյուսներին չեն զիջում: Այս ամենի նախանշաններն արդեն կան:
Սակայն հարցն այն է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ «քայլողների» դեպքում՝ պարզապես ոչինչ չի փոխվում, քանի որ ամբողջ թիմն է ձախողված՝ առաջին դեմքի հպարտ գլխավորությամբ: Եվ արդեն կապ չունի, թե իշխանության որ ներկայացուցիչը ինչ պաշտոնում կարող է նշանակվել։ Ինչ կադրային փոփոխություն էլ անեն, միևնույնն է, նրանք այլևս չեն կարող ազատվել խայտառակության խարանից, չեն կարող որևէ օգտակար, հայանպաստ գործ անել։ Միգուցե նաև սեփական բարդույթների արտացոլման արդյունքում է, որ իշխանությունները պետական համակարգի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն կադրային ջարդով են սպառնում։ Ի վերջո, պրոֆեսիոնալների ու իրենց գործի գիտակների ֆոնին իրենց ապաշնորհությունն ավելի է ընդգծվում, ուրեմն՝ պետք է ամբողջ պետական համակարգն ապահովել բացառապես իրենց նմաններով..․»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։