Հուլիսի 3-ից սկսած Քարֆուր Հայաստանի դրամարկղերում այլևս չեն լինի պլաստիկ տոպրակներ
Հուլիսի 3-ից սկսած Քարֆուր Հայաստանը այլևս իր դրամարկղերում չի օգտագործի միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ և կփոխարինի դրանք բազմակի օգտագործման տոպրակներով։ Հուլիսի 3-ը աշխարհում նշվում է որպես պլաստիկի դեմ պայքարի օր, «Հո՛գ տանենք մեր մոլորակի մասին» խորագրով արշավը հենց այդ օրվա շրջանակում է լինելու։
Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենը։
«Կարո՞ղ ենք մենք ազատել Հայաստանը միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներից։ Եկել է ժամանակը այս գաղափարը իրագործելու։
Համաձայն Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի ուսումնասիրությունների վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արտադրվել է մոտ 100,000 տոննա պլաստիկ աղբ»,-տեղեկացրեց նա։
Վաչե Արսենը նշեց, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ անցկացված ուսումնասիրության համաձայն պլաստիկ տոպրակները, շշերը և տարաները Հայաստանում ջրի աղտոտման հիմնական պատճառներն են։ Եվ ամեն տարի հավաքվում է հինգ հազար տոննա պոլիէթիլենային աղբ։
«Համաձայն վերջին տարիների ուսումնասիրություների տարեկան Հայաստան է ներկրվում 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ, և հենց տեղում արտադրվում է ավելի քան 201 տոննա։
Այսպիսով, մենք ամեն տարի միլիոնավոր տոննաների միանգամյա օգտագործման պլաստիկ ենք օգտագործում, որի մեծ մասը վերամշակման ենթակա չէ»,-ասաց նա։
«Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրենը նշեց՝ իրենք հավատում են, որ իրենց պարտականությունն է կրթել մ հաճախորդներին՝ ճիշտ կազմակերպել գնումները, ապրել շրջակա միջավայրի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ՝ հանուն մեր մոլորակի։ «Ավելի ու ավելի հաճախորդների, ովքեր փորձում են իրենց կյանք մտցնել պատասխանատու և ոչ վնասակար ապրելակերպի ձևեր, մեր պարտականությունն ենք համարում առաջարկել էկո այլընտրանքներ։ Որպես Մաջիդ Ալ Ֆութաիմի էկոհամակարգի մի մասնիկը, մենք մեր առաջ չափանիշներ ենք սահմանում՝ լինել շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, ինքնաբավ կազմակերպություն։ Ի հավելումն դրան նշենք, որ մենք անընդհատ փորձում ենք բացահայտել նոր ճանապարհներ՝ մեր աշխատանքը շրջակա միջավայրի և հասարակության նկատմամբ ավելի պատասխանատու ձևով կազմակերպելու համար
Մենք պետք է հասկանանք, որ միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները հանգեցնում են բազմաթիվ խնդիրների և դադարենք օգտագործել դրանք։ Ակնհայտ է, որ մենք պետք է ավելի քիչ պլաստիկ օգտագործենք, ընդառաջ գնանք շրջակա միջավայրը չվնասող այլընտրանքներին»,-ասաց Վաչե Արսենը։
Խոսելով պլաստիկի արտադրման քանակների աճի տեմպի մասին՝ նա տեղեկացրեց, որ 1950-ականների 2 միլիոն տոննայից հասել է 368 միլիարդ տոննայի՝ 2020 թվականի դրությամբ։ Երբևէ արտադրված պլաստիկի կեսից ավելին արտադրվել է 2,000-ականներից հետո։ Այս տեմպերով 2025 թվականին արտադրության ծավալները կհասնեն 600 միլիարդ տոննայի։
Արտադրված պլաստիկի շուրջ 40%-ը օգտագործվում է առավելագույնը 1 ամիս։ Տարեցտարի մենք երկիր մոլորակ ենք արտանետում մոտ 300 միլիոն պլաստիկ։
Ասուլիսին ներկա էին նաև Շրջակա միջավայրի և Էկոնոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների լիազոր դեսպանի պաշտոնակատար Ահլամ Էլ Սալամին, Ֆրանսիական դեսպանատան տնտեսական հարցերով պատասախանատու ֆլորիան Բուդէն և այլ պատվավոր հյուրեր։
Մաջիդ Ալ Ֆութաիմ գրուպը, որը համարվում է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի առևտրի և ժամանցային ոլորտների առաջատարներից, հայտարարել է ողջ կազմակերպությունում նոր ռազմավարության մասին, ըստ որի մինչև 2025 թվականը կազմակերպության բոլոր բիզնես ճյուղերում հրաժարվելու են միանգամյա պլաստիկի օգտագործումից։