ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը դուրս են բերվել Աֆղանստանի Բագրամ ավիաբազայից (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի զորքերը լքել են Աֆղանստանի Բագրամ ավիաբազան, որը 20 տարի շարունակ զինյալների դեմ պայքարի կենտրոնն է եղել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դա ազդարարում է օտարերկրյա զորքերի դուրսբերման ավարտի մոտ լինելը։
Ավիացիոն բազայից օտարերկրյա զորքերի դուրսբերումը համընկնում է Աֆղանստանի զգալի շրջաններում «Թալիբան» շարժման առաջխաղացման հետ։
Անդրադառնալով Բագրամ ավիաբազայի կարևորությանը՝ BBC լրատվականը նշել է, որ այն գտնվում է Քաբուլից 40 կմ հյուսիս և կրում է մոտակա գյուղի անունը։ Այն կառուցվել է Մոսկվայի կողմից 1980-ականներին, երբ Խորհրդային Միության զորքերը մտել են Աֆղանստան։ Ամերիկյան զորքն այստեղ է տեղափոխվել 2001 թվականին և ավիաբազան վերածվել է հսկայական բազայի, որտեղ կարող էր տեղավորվել մինչև 10 000 զինծառայող։ Այստեղ կա 2 թռիչքուղի, որոնցից ամենանորը 3,6 կիլոմետր երկարություն ունի և այստեղ կարող են վայրէջք կատարել կործանիչներ։ Ավիաբազայի տարածքում կա օդանավերի համար նախատեսված 110 կայանատեղի, որոնք պաշտպանված են պատերով, կարող է գործել նաև 50 անկողին տեղավորող հիվանդանոց։
Ավիաբազայի տարածքում գործել է նաև բանտ, որը նախատեսված է եղել ԱՄՆ զորքերի կողմից ձերբակալված մարդկանց համար և հայտնի է դարձել որպես «Աֆղանստանի Գուանտանամո» (ԱՄՆ ռազմական բանտ Կոլումբիայում)։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան համաձայնել է սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա՝ ՆԱՏՕ-ի հետ կնքելով 130 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան կպահպանի իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում՝ դաշնակիցներից ֆինանսական, քաղաքական և նյութատեխնիկական աջակցություն ստանալու դեպքում միայն։
2003
2021