Ներկայում համաշխարհային պատերազմն անհնարին է. Պուտինի խոսնակը բացառել է նման հնարավորությունը
Ներկայում մեծ պատերազմն անհնարին է միջուկային համահավասարության պահպանման շնորհիվ: Նման կարծիք է հայտնել ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային զենքի օգտագործմամբ համաշխարհային պատերազմի հհնարավորության մասին հարցը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարո՞ղ է պատերազմ լինել: ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասաց ուղիղ եթերի ժամանակ, որ դժվար թե: Եվ այստեղ մեզ ապահովագրում է միջուկային համահավասարության պահպանումը»,- ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ միջուկային համահավասարության կարևորությունը դժվար թե հնարավոր լինի գերագնահատել, քանի որ դա «միջազգային հարաբերությունների ամբողջ ներկա համակարգը կայունացնող» մեխանիզմ է:
«Այս միջուկային համահավասարությունը խախտելու մշտական փորձեր են կատարվում, և այստեղ Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք ապահովագրում են միջուկային համահավասարության ամբողջ համակարգը», - ասել է Պեսկովը:
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմի մասին խոսել հարկավոր չէ, քանի որ այն անհնար է»,- ասել է Պուտինի խոսնակը: