Դատարանը մերժել է հորը խնամակալության իրավունքից զրկելու Բրիթնի Սփիրսի հայցը (լուսանկարներ)
Դատավորը չի բավարարել ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի դատական հայցը, գրում է Variety ամսագիրը` մանրամասնելով, որ երչուհին ցանկանում էր հորը` Ջեյմի Սփիրսին, զրկել իր խնամակալը լինելու իրավունքից։ Դատարանի որոշման համաձայն՝ երգչուհին դեռևս ի վիճակի չէ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները։ Այնուամենայնիվ երգչուհին պահպանում է նոր հայց ներկայացնելու իր իրավունքը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բրիթնի Սփիրսը ընթացքում դատարանին խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հոր խնամակալության իրավունքը։ Առցանց ռեժիմով դատական նիստին մասնակցելով՝ երգչուհին նշել է, որ խնամակալության պատճառով չի կարողանում ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ թույլատրված չէ։
«Լիթիումը շատ, շատ ուժեղ դեղամիջոց է։ Այն չարաշահելու դեպքում մարդը կարող է մտավոր հետամնաց դառնալ։ Ասես մշտապես հարբած լինեի, ի զորու չէի պաշտպանել ինձ։ Ես երբեք ձայնի իրավունք չեմ ունեցել, ինձ միշտ ասել են՝ ինչ անել», - ասել էր երգչուհին և հավելել, որ հոր ճնշումների մասին սոցիալական ցանցերում չէր խոսում, քանի որ մտածում էր, թե դրանք հերքելու դեպքում երջանիկ կլիներ։
Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։
Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի՝ դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին հայցը: Դրանից առաջ երգչուհին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:
Նշենք՝ Ջեյմի Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ երգչուհու՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել էր երեխաների խնամակալությունը և բուժում էր ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները: