«Դա իմ ցանկությունը չէ, դա երկրին է պետք». Թրամփը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
Միացյալ Նահանգների նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հաղորդավար Շոն Հանիթիին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ որոշում է կայացրել մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, հայտնում է Newsweek-ը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփը նշել է, որ դա իր ցանկությունը չէ․ դա երկրին է պետք։
«Մենք պետք է հոգ տանենք այս երկրի մասին: Դա զվարճալի չէ՝ անդադար պայքարել, միշտ պայքարել», - ասել է Թրամփը։
Որոշ հանրապետականներ անհանգստանում են, որ առաջադրվելու դեպքում Թրամփը կարող է վնաս հասցնել չափավոր հանրապետական թեկնածուներին, ինչը կապված է հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների հետ։
Մայիսի վերջին անցկացված հարցումը ցույց է տվել, որ հանրապետական ընտրողների 66 տոկոսը ցանկանում է, որ Թրամփն առաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում, իսկ 30 տոկոսը՝ ոչ։
Մայիսի 20-ին Թրամփն ասել էր, որ մտածում է կրկին առաջադրվելու մասին, և քանի որ բոլորն այդպես են ուզում, նա դա պետք է անի։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել: