Անհասկանալի է, թե ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո տեղեկություններ տարածվեցին, թե ադրբեջանա-ռուսական պահանջով առաջիկայում կլուծարվի նաև Արցախի Պաշտպանության բանակը։ Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցն այլևս լուծված է, ուստի չպետք է այն բանակ ունենա։ Բացի այդ՝ ռուսական խաղաղապահներն են արդեն կատարում բանակի դերը։ Ի պատասխան այդ տեղեկությունների, տարեսկզբին՝ փետրվարին, պարզաբանումներով հանդես եկան Արցախի տարբեր պաշտոնյաներ՝ վստահեցնելով, որ Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում:
«Քայլեր են ձեռնարկվում՝ արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը»,- հայտնել էր նախագահ Արայիկ Հարությունյանի այն ժամանակվա խոսնակ Վահրամ Պողոսյանը: Իսկ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր. «Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:
Հետագա ամիսները ցույց տվեցին, որ բանակի լուծարման մասին լուրերն այնքան էլ օդից չէին, ադրբեջանական պահանջով և ռուսական կողմի պարտադրմամբ Արցախում զինվորական համալրումն արգելվեց։ Պատերազմից ութ ամիս է անցել, Արցախում արդեն երկրորդ զորացրումն է տեղի ունենում, բայց համալրում Հայաստանից չկա:
Մյուս կողմից՝ Վիտալի Բալասանյանի ղեկավարած ԱԱԽ-ն, ՊԲ-ի հետ համատեղ, բանակի վերակազմակերպման նոր հայեցակարգ է մշակել, ըստ որի՝ Արցախի սահմանային անվտանգությունը պետք է իրականացվի պայմանագրային հիմունքներով գործող զինվորական ստորաբաժանումների միջոցով։ Ազգ-բանակ կոնցեպտով արցախցիներն իրենք պետք է իրականացնեն սահմանային հերթապահություն։ Մինչև պատերազմը Արցախում զինծառայողների թիվը մոտ 20 հազարի էր հասնում, մոտ 70 տոկոսը Հայաստանից գնացած զինուժն էր։ Վեց ամիս անց՝ տարեվերջին, Արցախում այլևս Հայաստանից զորակոչ չի լինի, և այդ ժամանակ սահմանների ողջ պաշտպանությունը կմնա տեղի զինծառայողների, պայմանագրայինների և ռուս խաղաղապահների վրա։
Տարբեր հաշվարկներով՝ հիմա Արցախի սահմանները պահելու համար անհրաժեշտ է կրկնակի պակաս, քան նախկինում, 10 հազար զինծառայողով հնարավոր է իրականացնել սահմանների պաշտպանությունը, քանի որ նախկին 20 հազարի մոտ կեսն էր սահման պահում, մյուսները դիվիզիաներում, այլ ստորաբաժանումներում էին ծառայում։ Հիմա այդպես չի լինելու, և ծառայության ենթակա բոլոր զինվորները պետք է սահման պահեն։
Հիշեցնենք, որ Արցախում մշտապես՝ մինչև պատերազմն էլ գործել է պայմանագրային հիմունքներով զինծառայությունը, սակայն պատերազմից հետո ԱՀ կառավարությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց՝ պայմանագրայիններից ձևավորված բանակաշինությանն ընդառաջ։
Մասնավորապես, ապրիլին փոփոխություն արվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում, համաձայն որի՝ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու հնարավորություն կտրվի նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան, պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
Մեկ այլ փոփոխությամբ, առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը՝ շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանել՝ 45 տարեկանի փոխարեն՝ 55 տարեկան, կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանի փոխարեն՝ 57, ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանի փոխարեն՝ 59, ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանի փոխարեն՝ 61, բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանի փոխարեն՝ 63։ Իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար սահմանային տարիքը թողնել անփոփոխ (65 տարեկան):
Բարձրացվեցին նաև պայմանագրայինների աշխատավարձերը։ Թե ինչի հաշվին, արցախյան մեր աղբյուրներն ասացին՝ ճաշարանային ծախսերի կրճատման․ «Շատ շուտով զորամասում լռված և ելակ ուտող զինվոր այլևս չի լինելու, բոլորը սահման են պահելու»։ Չնայած փոփոխություններին՝ մեզ տեղեկություններ են հասել, որ տարեսկզբից մինչ օրս մոտ 2 հազար 500 մարդ բժշկական տեղեկանք է վերցրել, որպեսզի պայմանագրային զինծառայության անցնի։ Բանակն Արցախում նաև աշխատատեղ է։ Սակայն անհասկանալի է, թե նման թվով ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։