Ինչո՞ւ է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը. «Ժողովուրդ»
«ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»:
Անկախ պատգամավորները տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, և որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում միաձայն ընդունվել էր հայտարարության նախագիծը, որը պետք է հերթական նիստերի օրերին ներառվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն հունիսի 15-ից մեկնարկած նիստերն այդպես էլ չկայացան. քվորում չկար, ու Արցախի ապագային առնչվող կարևորագույն փաստաթղթի քննարկումը և քվեարկությունը չկայացան:
Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում: Պատգամավորների բոլոր փորձերը՝ այս օրերին կազմակերպելու Արցախի ապագային առնչվող կարևորագույն փաստաթղթի քննարկումը, ապարդյուն է անցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ և՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և՛ «Իմ քայլը» խմբակցությունը չեն ներառել հարցը քննարկվող օրինագծերի շարքում:
Հավելենք, որ այսօր արդեն գոյություն չունեցող Արտաքին գործերի նախարարոթյունը և կառավարության մյուս ոլորտային գերատեսչությունները դրական գնահատական են տվել անկախ պատգամավորների նախաձեռնությանը: Ու հետաքրքիր է, թե ինչու է ԱԺ-ն վիժեցնում Արցախի ապագայի փաստաթուղթը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։