Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի՝ հայտարարելով, որ վերջինիս այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, գրում է minval.az-ը։
«Այսօր մենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրս պետք է իր հնարավորություններն օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ջանքերին աջակցելու, նրանց միջև հարաբերությունները կարգավորելու, պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն այդ հողում միասին ապրեն որպես լավ հարևաններ: Այդ ժամանակ մենք վստահ ենք, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, ավելի հեշտ կլինի լուծել։ Կրկնում եմ՝ մեր համագործակցության լրացուցիչ ուղղությունը այդ տարածաշրջանում տրանսպորտային, հաղորդակցային և տնտեսական կապերի վերականգնումն է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանի զարգացման 3 + 3 համագործակցության պլատֆորմի վերաբերյալ առաջարկը դրական արձագանք է ստացել։ Մենք այսօր էլ ենք այդ մասին խոսել։ Ես կարծում եմ՝ առաջին անգամ լավ ծրագրեր ունենք։ Վերստին հայտարարում եմ, որ մենք գոհ ենք հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ արդյունավետ համագործակցությունից»,- հայտարարել է Լավրովը։