«Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում. եվ ուրեմն ինչի՞ մասին զրուցեմ Զելենսկիի հետ». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ես արդեն մտածել եմ այդ մասին․ կգրեմ վերլուծական հոդված և հուսով եմ, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում այն կընթերցվի։ Ես կներկայացնեմ այս հարցին իմ վերաբերմունքը», - ասել է Պուտինը և հավելել, որ նա ռուս և ուկրաինացի ժողովուրդներին մեկ ամբողջություն է համարում։
ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում նախ պետք է հասկանալ, թե ինչի մասին պետք է խոսել, քանի որ երկիրը (Ուկրաինան) հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։
«Ուկրաինայի կյանքին վերաբերող հիմնական հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, մասամբ էլ Բեռլինում և Փարիզում։ Եվ ուրեմն ինչի՞ մասին խոսել։ Այնուամենայնիվ ես չեմ հրաժարվում նման հանդիպումներից, պարզապես պետք է հասկանալ ինչի մասին խոսել», - եզրափակել է Վլադիմիր Պուտինը։