Թուրքիայում գիտնականները հայտնաբերել են միանգամից 11 հնագույն հրաշալիքներ
Թուրքիայում աշխարհի հնագույն տաճարային համալիրներից մեկից՝ Գյոբեկլի թեփեից (Շանլըուրֆա նահանգ) ոչ հեռու, հնագետները հայտնաբերել են եւս 11 խոշոր արհեստական բլուրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Daily Sabah-ին:
Լրատվականի տվյալներով՝ բարձունքները բառացիորեն շրջապատում են շուրջ 12 հազար տարի առաջ կառուցված կառույցները՝ 100 կիլոմետր հեռավորության վրա:
Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գիտնականներն այդ տարածքն անվանել են «12 բլուր», ինչպես նաեւ «Թուրքիայի հարավ-արեւելքի բուրգեր»:
«Այս տարածաշրջանը յուրահատուկ մշակույթ ունի», - մեկնաբանել է Էրսոյը՝ ավելացնելով, որ բլուրների վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունը շուտով կավարտվի եւ սեպտեմբերին մանրամասն զեկույց կհրապարակվի:
Գյոբեկլի թեփեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված է 2011 թվականից, իսկ առաջին անգամ հայտնաբերվել է 1963 թվականին՝ Ստամբուլի եւ Չիկագոյի հնագետների կողմից:
Ավելի ուշ՝ 1995 թվականին, այս վայրերում գիտնականները հայտնաբերել են նեոլիթի դարաշրջանի Տ-աձեւ կոթողներ` 3-6 մետր բարձրությամբ եւ 40-60 տոննա քաշով, ինչպես նաեւ տարբեր արտեֆակտներ, օրինակ` 12 հազար տարեկան մարդկանց տեսքով արձանիկներ: