Ամերիկացի սենատորները 2 մլն դոլար գումար են խնդրել Արցախի ականազերծման համար
ԱՄՆ սենատորներ Քրիս Վան Հոլլենն ու Թոդ Յանգը նամակ են հղել ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովին՝ խնդրելով 2 մլն դոլար հատկացնել 44-օրյա պատերազմից հետո Արցախի ականազերծման ծրագրին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով կասետային ռումբերից, հրթիռներից և պայթուցիկ այլ զինատեսակներից առաջացած աղտոտվածությունը բարձր մակարդակի է հասել: Խիստ վտանգավոր զինամթերքը դեռևս գտնվում է տների մոտ, դրանք աղտոտում են ֆերմաներն ու փողոցները՝ առաջացնելով լուրջ հումանիտար ռիսկ: Պայթուցիկ առարկաների ականազերծումը վճռորոշ է հակամարտության ժամանակ ավերված ենթակառուցվածքների վերակառուցումը շարունակելու համար»:
Ամերիկացի սենատորներն ընդգծում են, որ 2 մլն դոլար հանգանակության շնորհիվ կակտիվանան ականազերծման աշխատանքները, ու ընտանիքներին հնարավորություն կտրվի վերադառնալ իրենց կյանքին՝ առանց պայթուցիկների վախի: