Ադրբեջանն ապացույցներ է հավաքել ՀՀ օդային տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով
Ադրբեջանը հավաքել է ապացույցներ և փորձաքննություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի գործով, կործանման վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն:
«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Մի-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված` Գլխավոր դատախազությունը անհապաղ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել: Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», - ասել է մամուլի ծառայության ղեկավարը:
Սալիմզադեն նաև շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը:
«Ներկայում հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներին համապատասխան կապահովվի իրավական որոշման ընդունումը», - շեշտել է նա:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին հաղորդել է, որ ռուսական Մի-24-ը մարտական գոտուց դուրս հատվածքում` Հայաստանի օդային տարածքում խփվել է: Անձնակազմի երկու անդամ զոհվել է: Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանին փոխհատուցում վճարել: