«Թրամփը նախագահական ընտրությունների վերաբերյալ կեղծ հայտարարություններով խախտել է ԱՄՆ-ում ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»․ Օբամա
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ «կեղծ հայտարարություններով» խախտել է ժողովրդավարության «հիմնարար սկզբունքները», գրում է The Guardian-ը։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դրամահավաքի միջոցառման ժամանակ Օբաման հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունները «խաթարել են ԱՄՆ-ում ընտրությունների լեգիտիմությունը և հանգեցրել են հակաժողովրդավարական միջոցների, այդ թվում՝ քվեարկությունը ճնշելու փորձերին»։
«Մենք տեսանք, թե ինչպես իմ իրավահաջորդը՝ նախկին նախագահ Թրամփը, խախտեց այն հիմնարար սկզբունքը, որով այս երկրում հաշվարկում են ձայները, իսկ հետո հայտարարում հաղթողին․ նա հիմարությունների մի ամբողջ շարք հրամցրեց մարդկանց։
Ասածիս իմաստն այն է, որ եթե հիմա չկանգնեցնենք նման երևույթները, ապա հետագայում կտեսնենք ավելի ու ավելի շատ վիճելի ընտրություններ, ականատես կլինենք մեր ժողովրդավարության հետագա ապալեգիտիմացմանը»,- հավելել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։