1300 ռուբլի. Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստումը կիրականացվի գործատուի հաշվին
ՌԴ-ում աշխատող միգրանտների պատվաստումը «Սպուտնիկ Լայթ» հակակորոնավիրուսային պատվաստանյութով Մոսկվայում կարժենա 1300 ռուբլի: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի մամուլի ծառայությանը, գործատուներն իրենք կվճարեն պատվաստման գործընթացի համար:
«Գործատուն վճարում է ծառայության դիմաց և ստանում է իր աշխատակիցների պատվաստման վկայագրերը: Ծառայության արժեքն է 1300 ռուբլի` մեկ աշխատակցի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատվաստումների ամսաթիվը կորոշվի գործատուների հայտադիմումները դիտարկելուց հետո: Աշխատակիցներին պատվաստման կենտրոն տեղափոխելը ևս իրականացնելու է գործատուն:
Նշվում է, որ գործատուն փոխանցելու է պատվաստման ենթակա աշխատակիցների ցուցակները, որոնք պետք է ներառեն հետևյալ տվյալները` կազմակերպության անունը, աշխատակիցների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ և անձնագրային տվյալներ, ինչպես նաև փաստաթուղթը, որը պատվաստման համար հիմք է ծառայում: Դա կարող է լինել աշխատանքային գործունեություն ծավալելու արտոնագիրը, կեցության իրավունքը կամ ժամանակավոր բնակության թույլտվությունը (չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներից եկած միգրանտներին):
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը: