ԱՄՆ-ն ևս 436 միլիոն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Ամերիկյան վարչակազմը լրացուցիչ 436 միլիոն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայի՝ Հռոմում անցկացվող նախարարական հանդիպման բացման խոսքում, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Միացյալ Նահանգները մարդասիրական օգնության նպատակով լրացուցիչ 436 միլիոն դոլար կհատկացնի սիրիացիներին և այն համայնքներին, որոնք փախստականներ են ընդունում Սիրիայից՝ ամերիկյան ներդրումների ընդհանուր գումարը հասցնելով 13,5 միլիարդ դոլարի», - ասել է Բլինկենը։
Նա նշել է, որ Սիրիայում և այն երկրներում, որտեղ գործում է ԻՊ-ը, կոալիցիայի առաջնահերթություններից մեկը օգնություն տրամադրելն ու իրավիճակի կայունացումն է, և հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել պայքարը Սիրիայի և Իրաքի տարածքում մնացած ԻՊ տարրերի դեմ՝ նրանց աճը կանխելու նպատակով։ Բացի այդ, Բլինկենը զգուշացրել է այլ գոտիներում խմբավորման տարածման մասին, մասնավորապես՝ Աֆրիկայում։
Հանդիպման համանախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, իր հերթին, հանդես է եկել Աֆրիկայում ահաբեկչության տարածումը կանխելու հարցով աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որում կարող են ընդգրկվել աֆրիկյան երկրների ներկայացուցիչները: