ԱՄՆ Պետքարտուղարությունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է անում չայցելել Բելառուս
ԱՄՆ Պետքարտուղարությունն ուժի մեջ է թողել Միացյալ Նահանգների քաղաքացիներին ուղղված հորդորը Բելառուս չայցելելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
Պետքարտուղարության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Բելառուսը դասվում է այն երկրների շարքին, ուր ճամփորդել խորհուրդ չի տրվում:
«Մի՛ ճամփորդեք Բելառուս այդ երկրում օրենքի կամայական կիրառման և ձերբակալվելու ռիսկի պատճառով»,- ասված է փաստաթղթում:
Միաժամանակ, շեշտվում է նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը:
«Բելառուսը հատուկ սահմանափակումներ է կիրառում այն մարդկանց նկատմամբ, որոնք երկու՝ ԱՄՆ-ի և Բելառուսի քաղաքացիություն ունեն, և կարող է հրաժարվել ճանաչել երկքաղաքացի լինելու փաստը, այդ թվում՝ մերժելով կամ ձգձգելով ամերիկյան կողմի խորհրդատվական օգնության տրամադրումը ձերբակալված երկքաղաքացիներին»,- նշված է Պետքարտուղարության պարզաբանման մեջ:
Եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը չեն ճանաչում Բելառուսում ամիսներ առաջ կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի տարած հաղթանակը և անհամաչափ են համարում երկրի ուժայինների գործողությունները ընտրությունների արդյունքների դեմ բողոքի դուրս եկող քաղաքացիների նկատմամբ: