Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։
«Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ առանձին ուշադրություն կհատկացվի բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությանը: