«Մենք մասնակցում ենք մրցույթի, որտեղ պետք է որոշվի՝ 21-րդ դարում որ երկիրը կունենա ուժեղագույն տնտեսությունը»․ Բայդենը խոսել է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավորության մասին
Ռուսաստանը և ԱՄՆ-ն հնարավորություն ունեն համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային զենքի չտարածումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։ Այս մասին նախօրեին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դրամահավաքի միջոցառման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացրել եմ, որ Ամերիկայի հետ հարաբերությունները պետք է լինեն կայուն և կանխատեսելի, մենք պետք է հնարավորություն ունենանք համագործակցել այն ոլորտներում, որտեղ փոխադարձ շահեր ունենք, օրինակ՝ միջուկային զենքի չտարածումը և կլիմայի փոփոխությունը»,- նշել է Բայդենը։
Ինչ վերաբերում է երկրների միջև տարաձայնություններին, Բայդենը պնդել է՝ ԱՄՆ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի «ՌԴ-ի կողմից հնարավոր կիբեռհարձակումների և այլ միջամտությունների» կապակցությամբ:
«Մենք մասնակցում ենք 21-րդ դարի մրցույթին, մրցույթ որտեղ պետք է որոշվի՝ 21-րդ դարում ով կունենա ուժեղագույն տնտեսությունը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք, պետք է արագ և օպերատիվ գործենք»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կայացել է Ժնևում՝ հունիսի 16-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն ու հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարում փոխգործակցությունը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: