«Չեմ կարծում՝ տիեզերքում մարդիկ միայնակ են»․ ՆԱՍԱ-ի ղեկավարն ուշագրավ հայտարարություն է արել
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) նոր ղեկավար Բիլ Նելսոնը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ «չի կարծում՝ տիեզերքում մարդիկ միայնակ են»։
Անդրադառնալով ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչուների նկարահանած ավելի քան 140 չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) լուսանկարներին, Նելսոնն ասել է․ «Մենք չգիտենք՝ ինչ են նկարահանել ռազմածովային ուժերը, բայց փաստն այն է, որ նրանք տեսել են այդ օբյեկտները, պահել են իրենց տեսադաշտում և հետևել են դրանց»։
«Մարդիկ փափագում են իմանալ՝ արդյոք այս տիեզերքում միայնակ ենք։ Ես ինքս կարծում եմ՝ միայնակ չենք։ Տիեզերքն այնքան մեծ է, 13 ու կես միլիարդ տարվա պատմություն ունի։ Մենք կշարունակենք այդ հարցի շուրջ մեր որոնումները»,- հայտնել է ՆԱՍԱ-ի տնօրենը։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում այս երևույթի վերաբերյալ խոսակցություններն ավելի հաճախակի են դարձել երկրի արևելյան և արևմտյան ափերի մոտ չբացահայտված թռչող օբյեկտների կադրերի հրապարակումից հետո։