Հայաստանում 18-20 տարեկանների շրջանում թմրամիջոցների գործածումն աճել է. մասնագետ
Հայաստանում 18-20 տարեկանների շրջանում թմրամիջոցների գործածումն աճել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ, թմրամիջոցներից կախվածություն ունեցող երեխա կամ դեռահաս Հայաստանում հաշվառված չկա, սակայն համալսարաններում սովորողների, 18-20 տարեկանների շրջանում թմրամիջոցների գործածումն աճել է:
Մյուս կողմից, առկա վիճակագրությունը չի արտացոլում իրական իրավիճակը, քանի որ շատերը դեռ խուսափում են դիմել բժշկական հաստատություններ՝ բուժման համար:
Սուրեն Նազինյանի խոսքով, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այսօր մեծ աշխատանք է տարվում՝ դիմելիությունը բարձրացնելու համար: Մասնավորապես, ստեղծվում են արժանապատիվ բուժում ստանալու համար անհրաժեշտ պայմաններ, մասնաշենքերը հիմնանորոգվում են, իսկ պացիենտների եւ նրանց հարազատների հետ աշխատում են ոչ միայն կախվածություններից բուժման ոլորտի մասնագետներ, այլ նաեւ հոգեբաններ եւ սոցիալական աշխատողներ:
«Ամեն ինչ արվում է, որ ստեղծվի իրավիճակ, որ մարդիկ առանց վախենալու դիմեն բուժման համար», - ասաց մասնագետը: