Կուրտուա. Ազարի համար Եվրո-2020-ն ավարտված է
Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ նվազագույն հաշվով հաթանակից հետո անդրադարձել է իր թիմակիցներ Էդեն Ազարի ու Կևին դե Բրույնեի վնասվածքներին: 2 ֆուտբոլիստներն էլ դաշտ էին դուրս եկել Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում, սակայն չկարողացան ավարտին հասցնել հանդիպումը: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դե Բրույնեն փոխարինվեց 48-րդ րոպեին, իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ազարը՝ 87-րդ րոպեին:
«Վախենում եմ, որ Եվրոպայի առաջնությունն ավարտված է Ազարի համար: Եթե դա նույնիսկ սպազմ է, վերականգնման համար կպահանջվի մոտ 10 օր: Հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի այս մրցաշարում դարձյալ նրան տեսնենք դաշտում: Ինչ վերաբերում է Դե Բրույնեին, ապա նա չի կարողանում ոտքը դնել գետնին»,- Մադրիդի «Ռեալի» դարպասապահի խոսքը մեջբերում է TMW-ն:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ: