ՌԴ ֆիննախը առաջարկում է ԵԱՏՄ երկրներին թույլատրել ալկոհոլի նվազագույն գներ սահմանել
Ռուսաստանի ֆիննախն առաջարկել է արձանագրության նախագիծ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին՝ որպեսզի ԵԱՏՄ երկրներին թույլ տրվի սահմանել նվազագույն գներ ցանկացած թնդության ալկոհոլի համար։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի տբտեսական քաղաքականության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կուտեպովի հարցմանը նախարարության պաշտոնական պատասխանում։
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու հարցի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի ֆիննախի պատրաստած արձանագրության նախագիծը պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին նախատեսում է պետական գնակարգավորման տարածման հնարավորություն էթիլային սպիրտի, ալկոհոլային եւ սպիրտ պարունակող արտադրանքի բոլոր տեսակների համար նվազագույն գնի մասով»,- ասվում է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովի ստորագրած փաստաթղթում։
Գերատեսչությունում ասել են, որ ներկայում ԵԱՏՄ պայմանագրում փոփոխությունների պատրաստման ալգորիթմին համապատասխան՝ փորձագիտական մակարդակով աշխատանք են տանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական խորհրդակցությունում Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից դիրքորոշում է որդեգրվել գարեջրի շուկայում մրցակցային իրավիճակի գնահատում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի արդյունքներով հնարավոր կլինի արձանագրության նախագծի դրույքների հետագա քննարկումը»,- ընդգծվում է ֆիննախի պատասխանում։
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է Ալկոհոլային արտադրանք արտադրողների միության նախագահ Իգոր Կոսարեւը, ալկոհոլի նվազագույն մանրածախ գնի սահմանումը երաշխավորում է, որ շրջանառության մեջ առկա չի լինի մեծ քանակությամբ անլեգալ արտադրանք։ Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մի անդամը ԵԱՏՄ պայմանագրին համապատասխան չի կարող ինքնուրույն սահմանել ցանկացած թնդության ալկոհոլի նվազագույն մանրածախ գին իր երկրում, դրա համար էլ պետք են փոփոխություններ պայմանագրում։ «Ալկոհոլային արտադրանքի ինքնարժեքի մեծ մասը կազմում է ակցիզը։ Նվազագույն մանրածախ գինը հնարավորություն չի տալիս նրանց, ովքեր չեն վճարել ակցիզը, վաճառել արտադրանքի մեծ ծավալ ավելի ցածր գնով»,- ընդգծել է Կոսարեւը։
Ներկայում ԵԱՏՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն կարգավորել միայն 28 տոկոսից թունդ ալկոհոլային արտադրանքի գները։