ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող օբյեկտների ուղղությամբ
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող օբյեկտների ուղղությամբ: Այս մասին ասվում է Պենտագոնի կայքում տեղակայված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ զինված ուժերը երեկոյան պաշտպանական օդային հարվածներ են հասցրել Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող օբյեկտների ուղղությամբ, որոնք օգտագործվում են Իրանի կողմից աջակցվող ապստամբների խմբի կողմից: Ընտրվել են այն թիրախները, որոնք ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումներ են իրականացնում Իրաքում ԱՄՆ օբյեկտների եւ անձնակազմի վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ ամերիկյան կողմը գործել է ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան, որպեսզի վերացնի սպառնալիքները:
Սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ավիահարձակման հետեւանքով, ենթադրաբար, զոհվել է մեկ երեխա, երեք մարդ վիրավոր է: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մքնալթին ասել է, որ նման տեղեկություններ չունի: