Ռուսաստանում վերջին մեկ շաբաթում արձանագրվել է «Քովիդ-19»-ից մահացության առավելագույն ցուցանիշը համաճարակի ողջ ընթացքում
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում ամենամեծն է եղել համաճարակի ողջ ընթացքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով վարակի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի տվյալները:
Վարակման դեպքերի թիվը երկրում մեկ շաբաթում աճել է մոտ մեկ քառորդով, իսկ ներկա պահին վարակված քաղաքացիներ թիվը հասել է փետրվարից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշին:
Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 134 465 վարակման դեպք, մինչդեռ մեկ շաբաթ առաջ արձանագրվել էր վարակման 108 139 դեպք (24 տոկոս աճ): Դա առավելագույն ցուցանիշն է 2021 թվականի հունվարից ի վեր:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում վարակվել է 5 451 291 մարդ՝ բնակչության ավելի քան 3.7 տոկոսը: Ընդհանուր մահացության ցուցանիշը գերազանցել է 133 հազարը:
Հիվանդացության մակարդակին զուգահեռ աճում է նաև մահացության ցուցանիշը.վերջին մեկ շաբաթում արձանագրվել է մահվան 3921 դեպք: Դրան նախորդած շաբաթվա տվյալը կազմել էր 2931 մարդ: